Search
Close this search box.

«Ժողովուրդ». Եվս մեկը՝ կասկածելի տեղեկանքով. Կարեն Կարապետյանը ամեն նողկալի քայլի գնում է իշխանության ղեկին մնալու համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շարունակվում է դեռևս 1998 թվականից Ռոբերտ Քոչարյանից սկիզբ առած՝ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար կեղծ կամ առնվազն կասկածելի տեղեկանքներ ներկայացնելու ավանդույթը:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք է տրամադրել: Եվ սա այն դեպքում, երբ Կարեն Կարապետյանը 2011թ. հոկտեմբերին Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո մեկնեց Մոսկվա` աշխատելով «Գազպրոմ» ընկերությունում և ՀՀ վերադարձավ միայն 2016թ. սեպտեմբերին:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ ԸՕ 80-րդ հոդվածի համաձայն. «Քաղաքացին վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1 461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից»: Հիմա Կարապետյանին տեղեկանք է տրվել, որ վերջին չորս տարում նա 1461 օրից 668-ն է եղել դրսում: Միայն թե այս ամենը խիստ կասկածելի է, թեկուզ և այն պատճառով, որ չեն ներկայացվել բավարար փաստեր՝ ապացուցելու, որ Կարեն Կարապետյանն իրոք 668 օր է բացակայել ՀՀ-ից, այլ ոչ թե 731 օր: Հազիվ թե ներկայացվեն, ինչպես մինչ այժմ չներկայացվեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին բավարար փաստեր:

Ու պետք է փաստենք, որ Կարապետյանի գլխին ևս կախված է ոչ լեգիտիմության դամոկլյան սուրը, եթե անգամ նա անցումային այս փուլում մնա վարչապետ: Բայց, դե, թվային մանիպուլյացիաներն ու կեղծիքները Կարեն Կարապետյանի դեպքում նորմալ են. նա պաշտոնավարման ողջ ընթացքում այդպես «խաղարկել է» տնտեսական ցուցանիշները` հարմարեցնելով դրանք ըստ ճաշակի, ներկայացնելով որպես «դմփոց ռեֆորմներ»:

Նախօրեին էլ բացահայտվեց ամոթալի պատմություն, երբ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպումից հետո կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ օտարերկրյա դիվանագետին վերագրել էին սուտ խոսքեր: Իսկապես, իշխանության ղեկին մնալու՝ կարապետյանական մոլուցքը գնալով նողկալի է դառնում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: