Search
Close this search box.

«Ժողովուրդ». Կիսապաշտպան պաշտպան Թաթոյանի անատամ զեկույցը. նա շրջանցել է ընտրակաշառքի թեման

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օմբուդսմեն Արման Թաթոյանը կարծես մտադրվել է ամեն գնով հիմնավորելու տեսակետը, որ ինքը ոչ թե քաղաքացիների, այլ իշխանությունների, մասնավորապես ՀՀԿ-ի իրավունքների պաշտպանն է: 2017թ. տարեկան զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձ է կատարել նաեւ ընտրական իրավունքին՝ խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունների համատեքստում: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ զեկույցի տասը էջերում /այդքան է հատկացված ընտրական իրավունքին/ ՄԻՊ-ը շատ հմտորեն շրջանցել է ընտրությունների վրա լրջագույն ազդեցություն ունեցած գործոնի՝ ընտրակաշառքի թեման: Այնինչ` հիշում եք` ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ Երեւանի ավագանու ընտրություններին փողը հոսում էր գետի նման եւ հոսում էր ոչ միայն ՀՀԿ, այլեւ շատ ուրիշ կուսակցությունների թեկնածուների շտաբերից:

ՄԻՊ-ը շրջանցել է նաեւ քվեարկության օրը ընտրողների ահաբեկման ու վերահսկման թեման: Մինչդեռ, հիշեցնենք, այդ ամենը արձանագրել էին միջազգային դիտորդները, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ իր զեկույցում նշելով. «Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները եւ ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը»:

Անգամ ՍԴ որոշման մեջ անդրադարձ կար ընտրակաշառքի թեմային, եւ արձանագրված էր, որ քաղաքական կոռուպցիան խարխլում է երկրի անվտանգությունը: Բայց արի ու տես, որ Արման Թաթոյանը զլացել է զեկույցում խոսել այս մասին, չէ՞ որ այդ դեպքում կստացվեր` նա դուրս է գալիս իշխանության դեմ, այն իշխանության, որն իրեն ՄԻՊ է դարձրել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում