Search
Close this search box.

Բանակից 40 միլիոն թալանած անձը պաշտոնյա է

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, անդրադառնալով բանակից 40 մլն դրամ հափշտակելու դեպքին, նշեց, որ դա արվել է պաշտոնատար անձի կողմից. «Մենք թիվ մեկ շահագրգիռն ենք՝ զինված ուժերում ու պաշտպանության նախարարության համակարգում տեղի ունեցող բոլոր տիպի իրավախախտումները բացահայտելու և դրանց հեղինակներին համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկելու համար:

Չի եղել մի դեպք, որը համապատասխան ընթացք չստանա, ցավոք, դրանք դեռևս կան, և դեռևս լիարժեք չենք կարող ասել, որ ամբողջությամբ բացառված են նմանատիպ երևույթները: Բայց շատ ինտենսիվ աշխատանքներ են տարվում, և տեսնում ենք, որ շատ հաճախ մամուլում հայտնվում են տեղեկություններ այս կամ այն զինվորական ծառայողի, պետական պաշտոնյայի չարաշահումների մասին… Դա ամենօրյա աշխատանք է, ինչը պետք է իրականացնենք»:

Արտակ Զաքարյանը նաև ասաց, որ բացի այն տեղեկատվությունից, որը 40 մլն դրամը յուրացվել է պաշտոնատար անձի կողմից, այլ մանրամասներ չի կարող նշել, որովհետև քննությունը դեռևս ընթացքի մեջ է: Իսկ վնասի փոխհատուցում անպայման կլինի: