Search
Close this search box.

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նախագահը պանթեոնում նաև ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, որից հետո ներկա է գտնվել Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ անցկացվող պատանի երկրապահների օրհնության կարգին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ծիծեռնակաբերդի բարձունքում և զուգահեռաբար բոլոր մարզերում այսօր կայանալիք «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների հանդիսավոր երդման կապակցությամբ:

Նախագահի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երկրապահ կամավորականների միության հարգարժա՛ն անդամներ և հյուրեր,

«Պատանի երկրապահ» կառույցի սիրելի՛ նորագիր անդամներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հանդիսավոր երդման կապակցությամբ:

Արդեն ավանդական դարձած այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք:

Այս արարողությունը տեղի է ունենում մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան խորհրդանշական օրը: Հավատում եմ, որ դուք հավատարմորեն շարունակելու եք Սպարապետի հայրենասիրական մեծ գործը և Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները:

Մաղթում եմ բոլորիդ, որ հպարտությամբ և պատվով կրեք «Պատանի երկրապահ» անունը, որն առաջին հերթին պատասխանատվություն և պարտականություն է: Մաղթում եմ, որ ձեր պատանեկան ուժն ու եռանդը ծառայեցնեք հայրենանվեր գործերի և արձանագրեք նորանոր հաջողություններ»: