Search
Close this search box.

Աղմկահարույց ձերբակալություն 60 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի գործով

Բեռլինի արվարձաններում Ռուսաստանի դեսպանատան միջոցով ոստիկանությունը ձերբակալել է Անդրեյ Կովալչուկին,որը համարվում է Ռուսաստանում կոկաինի մաքսանենգության ենթադրյալ կազմակերպիչը: Այս մասին այսօր հայտնել է Կովալչուկի փաստաբան Վլադիմիր Ժեչեբենկովը:
Ավելի վաղ Մոսկվայի Տվերսկոյի դատարանը Անդրեյ Կովալչուկի ձերբակալման մասին որոշում է կայացրել: Ռուսաստանի իշխանությունները նրան գտնելու ուղղությամբ հայտարարել էին միջազգային հետախուզում: Հետաքրքիրն այն է որ,կոկաինի մաքսանենգության ենթադրյալ կազմակերպիչ Կովալչուկը ՌԴ արտաքին գործերի նախարարության անվտանգության ծառայության նախկին աշխատակից է: Իր փաստաբանի միջոցով Կովալչուկը հայտարարել է, որ ինքը ոստիկանության կազմակերպած սադրանքի զոհ է դարձել ամերիկյան հատուկ ծառայությունների մասնակցությամբ` «վարկաբեկելու ռուսական դիվանագիտական առաքելությունը»: Անդրեյ Կովալչուկը, ով կասկածվում է Արգենտինայից Ռուսաստան մոտ 400 կիլոգրամ կոկաին մաքսանենգ ճանապարհով փոխադրելու փորձի մեջ, պնդում է, որ թմրանյութի մաքսանենգության գործը «սարքել են Արգենտինայի և Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները»:
Կոկաինը հայտնաբերել են Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատան դպրոցի նկուղում: Ըստ փորձագետների, այդ թմրանյութի գինը սև շուկայում կազմում է մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար:

Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիցիա Բուլրիչն ասել է, որ 389 կիլոգրամ կոկաինը տեղադրված է եղել 16 ճամպրուկներում: Այն հայտնաբերել են անցած տարվա դեկտեմբերին: Գործի քննության ընթացքում կատարվել են ձերբակալություններ: