Search
Close this search box.

«Հրապարակ». Անահիտ Ավանեսյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում

«Հրապարակ» թերթը գրում է. Քննչական կոմիտեն Ազգային անվտանգության ծառայության հետ միասին երեկ լայնածավալ գործողություններ իրականացրեց առողջապահության նախարարությունում, նախարարությանը ենթակա ՊԱԳ-ում` պետական առողջապահական գործակալությունում, որը պետպատվերի բաշխումն է իրականացնում, եւ Անահիտ Ավանեսյանի անվան հետ կապվող «Ուիգմոր» ԲԿ-ում, որտեղ նրա ընկերը` Զավեն Քոլոյանն է տնօրենը: Կային բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։ Ի՞նչ է կատարվում, եւ ո՞րն է իրավապահների գործողությունների հիմքը։ Մենք ուղիղ մեկ ամիս առաջ` մարտի 15-ին գրել էինք, որ ՊԱԳ տնօրեն, Ավանեսյանի մտերիմ Ահարոն Բարսեղյանին անսպասելիորեն կանչել են նախարարություն եւ ասել, որ դիմում գրի, ազատվի: Մի քանի օրից գրել էինք, որ Ահարոն Բարսեղյանի հետ կապված քրեական վարույթ կա, որի հիմքում «Ուիգմոր քլինիք»-ին մեծաքանակ պետպատվեր տրամադրելու փաստն է: Ավելին` Բարսեղյանն իր հետ փոխկապակցված մեկ այլ ընկերությամբ «Ուիգմորին» խորհրդատվություն է իրականացրել, որը եւս ուսումնասիրվում էր։ Մի խոսքով` նախարարի անվան հետ կապվող նորաստեղծ ԲԿ-ն մեծ պետպատվեր է ստացել, եւ վարույթը հարուցվել է մրցակից կլինիկաների բողոքի հիման վրա: Չնայած Ահարոն Բարսեղյանն այդ ժամանակ հերքում էր որեւէ գործի առկայությունը, ինչպես այժմ նախարարն է հերքում, բայց ակնհայտ է, որ սա բազմաթիվ անհայտներով հավասարում է: Եվ իրավապահները հասել են նախարարության աշխատակազմին: 

Մեզ պատմեցին նաեւ, որ երբ առողջապահական համակարգում հայտնվում է բուժսպասարկում իրականացնող նոր կազմակերպություն, այն աշխատում է առանց պետպատվերի, մինչեւ որ կապացուցի, որ որակյալ բուժսպասարկում է իրականացնում: Դրանից հետո սկզբնական փուլում պետությունից ստանում է սիմվոլիկ գումար, օրինակ՝ 20 միլիոն դրամ։ Առողջապահության նախարարության պատմության մեջ բացառիկ դեպք է եղել, երբ նորաստեղծ կլինիկան ստանում է շուրջ 600 միլիոն դրամի պետպատվեր։ Եվ բնական է, որ այստեղ դեր է խաղացել Անահիտ Ավանեսյանի գործոնը: Նրա մտերիմ, նախկին աշխատակից Ահարոն Բարսեղյանը, ըստ մեղադրանքի, չի ուսումնասիրել «Ուիգմոր»-ի գործունեությունը, անգամ կատարողականը՝  սպասարկումը, եւ շռայլորեն պետպատվեր է տրամադրել։ Դրա համար ԲԿ-ի ռեանիմացիոն ծառայության մակարդակը 2-րդից բարձրացրել է 3-րդ մակարդակի։ Իսկ ի՞նչ է նշանակում 2-րդ եւ 3-րդ մակարդակ։

Ըստ տեխնիկական հագեցվածության՝ 2-րդ մակարդակի դեպքում ռեանիմացիայում 1 օր մահճակալ տրամադրելու համար ԲԿ-ն ստանում է 1 հիվանդի համար 20 հազար դրամ, 3-րդի դեպքում՝ պայմանական 70-80 հազար դրամ։ Պետությունն ավելի շատ գումար է տալիս 3-րդ մակարդակի ռեանիմացիա ունեցող ԲԿ-ներին, քանի որ սպասարկման որակը եւ ծախսերն այս դեպքում ավելի բարձր են։ Ինչպե՞ս է սխեման գործել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով գործում է հանձնաժողով, որը գնահատում է ԲԿ պայմանները, այդ թվում` ռեանիմացիայի պայմանները: Հանձնաժողովն էլ, ըստ լուրերի, ուռճացրել է «Ուիգմոր»-ի սպասարկման որակը, որ ԲԿ-ն 3-րդ մակարդակ ստանա, ու հիմնավորվի պետբյուջեից 600 միլիոն դրամի հատկացումը։ Այս հանձնաժողովի անդամ է եղել նաեւ Ահարոն Բարսեղյանը։ Պարզ է, որ Ահարոն Բարսեղյանը միայնակ եւ ինքնագլուխ չի եղել։ ՊԱԳ-ի ղեկավարն անմիջապես ենթարկվում է առողջապահության նախարարին։ Բարսեղյանը ժամանակին աշխատել է նաեւ Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգարիտա Վարդանյանին պատկանող հիվանդանոցում։ Մամուլը բազմիցս գրել է, որ Պուշկինի փողոցում գտնվող հիվանդանոցի շենքը, որն «Ուիգմորը» վարձակալել է, պատկանում է Ավանեսյանի մորը։ Ավելին՝ խոսակցություններ կան, որ Ավանեսյանների ընտանիքը բաժնեմաս ունի այս հիվանդանոցում, որն արդեն գործում է Արաբկիր համայնքում։ Ահարոն Բարսեղյանը, ով անցյալում «Ուիգմոր»-ի հաշվապահն էր, Ավանեսյանի՝ նախարար դառնալուց հետո նշանակվել է ՊԱԳ-ի ղեկավար եւ անգամ իր նախորդի` դատարանով վերականգնվելուց հետո, մի կարճ ժամանակ չպաշտոնավարելուց հետո վերադարձել է նույն պաշտոնին։ 

Իրավապահները հեռուն գնացող մտադրություններով են մտել առողջապահության նախարարություն, ՊԱԳ եւ «Ուիգմոր»՝ վստահ, որ այս «գործը» մեկ-երկու հոգու բան չէ, այլ կազմակերպված խմբի։ Ավանեսյանը կարժանանա՞ Վահան Քերոբյանի ճակատագրին, դեռ պարզ չէ: Գործի շրջանակներում երեկ բերման էր ենթարկվել նաեւ «Ուիգմոր»-ի ղեկավար Զավեն Քոլոյանը: Նա, Ահարոն Բարսեղյանն ու Անահիտ Ավանեսյանը մտերիմներ են, նրանց հաճախ կարելի է տեսնել Աբովյան-Թումանյան խաչմերուկի ռեստորաններից մեկում։