Search
Close this search box.

Պայքարի դեպքում մինչև 2035-38 թվականները Ստեփանակերտում էլի կբարձրացնենք Հայաստանի դրոշը. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Արցախի ամբողջական հանձնման համար, իհարկե, միակ մեղավորը Հայաստանի գործող իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բայց նախորդած շուրջ երեք տասնամյակի ընթացքում ստեղծվել են պայմաններ՝ համազգային իմունիտետը կոտրելու համար։
Այս պահին թվարկեմ երկուսը։
1. Հայաստանում ոչինչ չարվեց, որ մարդիկ ճանաչեն Արցախը, ճանաչեն Արցախցուն և վերաբերվեն որպես իրենցը։ Հակառակը՝ Արցախում ծառայելը համարում էին պատիժ, ամենատարբեր լեգենդներ էին պատմում «անիծող ու մի բաժակ ջուր չտվող» Արցախցու մասին, Արցախը անվանում վտանգավոր տեղ։ Խայտառակություն է, որ Հայաստանի հայերի ընդամենը մոտ 30%-ն է կյանքում գոնե մեկ անգամ եղել Արցախում։ Սա հանգեցրեց նրան, որ տարիների ընթացքում հանրության մի մեծ զանգվածի մոտ մոռացվեց 1990-ականների Արցախյան շարժումը և հայրենիքի այդ հատվածի համար պայքարելու գիտակցումը։ Արցախը դարձավ ուրիշ տեղ, ուրիշ պետություն։
2․ Տասնամյակներ շարունակ Հայաստանի բյուջեից տարեկան մոտ 1 մլրդ դոլար հումանիտար նպատակներով գումար էր մտնում Արցախ, բայց դա օգտագործվում էր ոչ թե տնտեսության զարգացման, բնակարանաշինության, այլ մարդկանց չարդարացված բարձր աշխատավարձեր ու թոշակ, նպաստ տալու համար։ Մարդիկ Արցախում աշխատանքի դիմաց ստանում էին գրեթե կրկնակի ավելի բարձր աշխատավարձ, քան Հայաստանում, ստանում էին բարձր նպաստներ ու թոշակներ։ Դա աստիճանաբար հանգեցրեց Արցախցիների շրջանում սոցիալական ապահովության հանցավոր անհոգության։ Իսկ հատկապես 2020-ի պատերազմից հետո երբ ամեն մեկին 68,000 դրամ փող սկսեցին տալ, մարդկանց մեծամասնությունը գերադասեց չաշխատել ու տանը նստած՝ ստանալ իր ընտանիքին հասնող ամսական միջինը 250,000 դրամ գումարը։
Երբ հանրությունը չի չարչարվում իր ապրուստի համար և ամեն օր չի պայքարում իր ունեցածի համար, աստիճանաբար կտրվում է իր հողից ու պայքարի կամքից։ Այդպես 30 տարի շարունակ եղել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։
Այս ամենի հետևանքով հիմա, երբ այդքան հեշտությամբ ՀՀ իշխանությունը հանձնեց Արցախը, մեր Արցախցի հայրենակիցները կանգնեցին մեծ ճգնաժամի առաջ։ Մարդիկ արագ կոտրվում են, հուսալքվում՝ հանդիպելով սոցիալական դժվարությունների և անարդարության։
Արցախցիները նույն աշխատանքի դիմաց Հայաստանում ստանում են ավելի քիչ գումար, քան ստանում էին Արցախում, ստանում են ավելի քիչ թոշակ ու նպաստ, ինչի պատճառով շատերն ասում են՝ սա ապրելու տեղ չի։ Հենց այս պատճառով արդեն 20,000-ից ավելի Արցախցիներ հեռացել են Հայաստանից՝ հույս ունենալով, թե Ռուսաստանն ու Ֆրանսիան հայրենիքից ավելի լավ ապրելու տեղ են։
Ես հասկանում եմ, որ այս տողերը վատ կընդունվեն Արցախի իմ եղբայրների ու քույրերի կողմից, բայց պետք է ասել ճշմարտությունը, որպեսզի կարողանանք հասկանալ խնդիրն ու առաջ շարժվել։ Արցախցիները լավ գիտեն, թե ես ինչքան եմ սիրում Արցախն ու Արցախցուն, և իմ ասած քննադատությունն անգամ սիրով է լեցուն։
Մեր նպատակն է, որ հաղթահարենք նշածս մի քանի խնդիրները։
Ցավոք, առաջիկա 10-15 տարվա ընթացքում անհնար կլինի Հայաստանի մեր հայրենակիցներին տանել Արցախ ու ծանոթացնել մեր հայրենիքի այդ դրախտային հատվածին, բայց կարող ենք ավելի սերտ կապեր ստեղծել Արցախն իրենց հոգում պահող Արցախցիների հետ՝ մինչև Արցախի նոր ազատագրումը։
Մեր խնդիրն է արագ կերպով կազմակերպել Արցախցիներին բնակարաններով ապահովելու հարցը և միաժամանակ մարդկանց սովորեցնել աշխատել ու պայքարել հաջողության համար։ Միայն այդկերպ մենք կկարողանանք սիրել այն, ինչ ունենք, իսկ այդ սկզբունքով պայքարի դեպքում մինչև 2035-38 թվականները Ստեփանակերտում էլի կբարձրացնենք Հայաստանի դրոշը»: