Search
Close this search box.

«Ժողովուրդ». Նուարդ Վարդանյանի հայտարարագրում կեղծի՞ք կա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուսումնասիրելով պաշտոնատար անձանց հայտարարագրերը՝ հաճախ ենք առնչվում անճշտությունների, կոռուպցիոն ռիսկեր պարունակող տվյալների, ինչպիսիք են, օրինակ, միլիոնավոր կանխիկ դրամական միջոցները, որոնց աղբյուրները նշված չեն, մեկ օրում մի քանի տուն գնելու փաստերը եւ այլն: Այս անգամ թիրախում է Երեւանի ավագանու իշխող խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, որը Ford մակնիշի ավտոմեքենայի առուվաճառքի մեջ է: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանի Վարդանյանի հայտարարագրերը առաջացնում են հարցեր, բայց ոչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մոտ։ Այսպես, Վարդանյանը 2021թ. հայտարարագրում նշում է, որ 2022 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա, ինչը գուշակության ոլորտից է։ Նույն 2021թ. հայտարարագրի համաձայն՝ Վարդանյանը Տիգրան Ավինյանի եղբայր Դավիթ Ավինյանից ձեռք է բերել եւս մեկ Ford՝ 2018 թվականի արտադրության, եւ տարվա վերջի դրությամբ հայտարարագրել է 2 Ford մակնիշի մեքենա։ 2022թ. սկզբում ոչ միայն «անհետանում է» Ford-երից մեկը, այլեւ վաճառքից առաջ փոխվում է մյուս Ford-ի տարեթիվը` 2018 թվականի արտադրությունը դառնում է մեկ տարով նոր` 2019 թվականի արտադրության։

Հետաքրքիր զուգադիպությամբ ՔՊ-ականների գրեթե բոլոր ձեռքբերումները (բնակարան, ավտոմեքենա, հագուստ, այլ) արձանագրվել են 2018թ. իշխանափոխությունից հետո։ Ստացվում է, որ Նուարդ Վարդանյանը իրեն պատկանող Ford մակնիշի մեքենան, որը ձեռք է բերել 2018 թվականին 4 մլ դրամով՝ գրեթե 10 հազար ԱՄՆ դոլար, 2022 թվականին վաճառել է 13 հազար ԱՄՆ դոլարով որպես 2019 թվականի արտադրության մեքենա։ Ըստ հայտարարագրի՝ Վարդանյանը 3 հազար ԱՄՆ դոլարի օգուտ է ստացել եւ փոխել մեքենայի արտադրման տարեթիվը: «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց ՔՊ խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես է այդպես ստացվել։

Ընդհանրապես էդ հայտարարագիրը ոտքից գլուխ ամբողջը սխալ է։ Ես իրենց (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) նամակով էլ եմ դիմել, որ ուղղեն։ Իրենք չեն ուղղել, եւ դա իմ սխալմունքը չէ։ Խնդրում եմ, իրենց հետ կապվեք, որովհետեւ մի տունն էլ, որ ունեմ Կենտրոն վարչական շրջանում, երեք անգամ նույն բանը նշված է։ Դիմել եմ իրենց, ասացին՝ Ձեզ կոդ կուղարկենք, համակարգի սխալ է եղել, Դուք կուղղեք։ Այդ կոդը մինչեւ հիմա չեն ուղարկել։ Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել»: Ինչպես միշտ, բոլորը մեղավոր են, բացի ՔՊ-ականներից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում