Search
Close this search box.

«Հրապարակ». ՊՆ-ն գիտի զոհերի ճշգրիտ թվերը, սակայն չի հրապարակում

«Հրապարակ»-ը գրում է․ «Թե ինչքան մարդկային կորուստներ են ունեցել Հայաստանն ու Արցախը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ծավալված ռազմական գործողությունների, հարձակումների, սահմանային բախումների, թշնամու առաջխաղացումների ժամանակ՝ Հայաստանի սահմանի տարբեր հատվածներում, մինչ օրս պաշտոնապես հայտնի չէ։
Պաշտոնապես հրապարակված տվյալների մեջ մեծ հակասություններ կան։ 2022թ. հունվարի 19-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 809 անձ։ Ապրիլին նույն ՔԿ-ն հաղորդեց 3 հազար 822 զոհի մասին, անհայտ էր 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ըստ Կարմիր խաչի կոմիտեի 2022թ. հունվարին հրապարակած տվյալի, անհետ կորածները 300-ն են եղել։ Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց արդեն 3 հազար 825 զոհի մասին։ Ավելի վաղ՝ 2022թ. փետրվարին հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3 հազար 812-ն է։

Մոտ մեկ տարի առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյուններ կան, որոնք դեռ չեն հուղարկավորվել, որ չհուղարկավորված աճյունների թվի շեշտակի նվազում չի եղել։ Սրան ավելացնենք նաև մասունքները, որոնք գտել են, և մինչ օրս ճանաչված չեն, կամ որոշ ծնողներ հրաժարվել են ընդունել իրենց զավակների մահվան փաստն ու մասունքները։ Հայտնի չէ՝ այս մասունքներն ու աճյունները հաշվի՞ են առնված զոհվածների ընդհանուր թվում, թե՞ ոչ։

2022թ. հունիսի 6-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն էլ թվեր հրապարակեց․ 44-օրյա պատերազմից հետո, մինչ օրս, հատուցում է տրամադրվել 4 հազար 359 շահառուի։ Հիշեցնենք, որ զոհերի շրջանառվող թիվը 5 հազարն է, վիրավորներինը՝ 12 հազարը։ Հայ-ադրբեջանական մյուս խոշոր բախումը 22թ. սեպտեմբերի 13-14-ին էր, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Այս հարցում էլ լիարժեք պարզություն չկա։ 2022թ. դեկտեմբերի 19-ին Քննչական կոմիտեն հրապարակեց, որ սեպտեմբերի 13-14-ի հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։ Հետագայում այս թվերն էլ չճշգրտվեցին, չնայած մենք նոր զոհեր էինք ունենում, անհայտ կորած զինծառայողները ճանաչվում էին զոհված, հայկական կողմին դիակներ էին հանձնվում, մասունքներ էին նույնականացվում։

Վերջին օրերին Ադրբեջանի՝ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը տեղի ԶԼՄ-ներին հաղորդեց, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո հայտնաբերել եւ հայկական կողմին է փոխանցել 1713 դի, իսկ 2022թ. սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումից հետո՝ ևս 157 դի:
Արդյո՞ք այս տվյալները ներառված են պաշտոնապես հրապարակված զոհերի թվի մեջ՝ 3 800-4 359 և 224, միանշանակ կարծիք չկա»։

Մանրամասները՝ թերթի համարում։