Search
Close this search box.

Գարդասիլն էր, հիմա էլ դեղերը. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից նախառեռնված կասկածելի ծրագրից՝ 13 տարեկան 16 հազար հայ աղջիկներին «Գարգասիլ» պատվաստանյութով պատվաստելու խայտառակ և վտանգավոր որոշումից հետո այժմ էլ նախաձեռնվում է բնակչության և բժշկական անձնակազմերի համար մեծ դժվարություններ առաջացնող հերթական խայտառակ ծրագրի իրականացումը՝ բազմաթիվ դեղեր միայն դեղատոմսերով ձեռք բերելու մասին:

Այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հարցումով դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2018 թվականի մարտի 1-ից դեղատոմսերով դեղեր ձեռք բերելու հիմքերի մասին:

Կից ներկայացվում է հարցումը:

ՀՀ առողջապահության նախարար

Լևոն Ալթունյանին

Կառավարական տուն 3

Երևան 0010, Հանրապետության հրապարակ

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

 Հարգելի պարոն Ալթունյան,

Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել այսուհետ 2018 թվականի մարտի 1-ից դեղերի դեղատոմսով ձեռք բերելու իրավակարգավորող նորմերի մասին.

  1. Խնդրում եմ տրամադրել 2018թ-ի մարտ ամսից դեղատոմսով և առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքի ամբողջական ցանկը,
  2. Ո՞վ կամ ովքե՞ր են այս նախաձեռնության հեղինակները (խնդրում եմ նշել կոնկրետ անուններ),
  3. Ե՞րբ է հաստատվել վերոնշյալ նախաձեռնությունը որպես իրավակիրառվող որոշում, ու՞մ կողմից և ինչու՞ է այն հատկապես 2018 թվականին մտնում գործածության մեջ,
  4. Բժշկական ծառայություններ մատուցող բուժհաստատությունները այս համակարգը ներդնելու ուղղությամբ ունե՞ն համապատասխան ռեսուրսներ, եթե այո, ապա ունե՞ք հետազոտություն, խնդրում ենք տրամադրել ուսումնասիրության արդյունքները,
  5. Գնահատե՞լ եք արդյոք այս համակարգի ներդրման ռիսկերը, որո՞նք են այդ ռիսկերը,
  6. Հաշվի առնելով բնակչության դժգոհությունները՝ ինչպե՞ս եք պատրաստվում արձագանքել դրանց։

 Մարինա Խաչատրյան

Բժիշկ-Նյարդավիրաբույժ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ