Search
Close this search box.

«Հրապարակ». Ուր են անհետացել Արցախի փողերը

Արցախի խորհրդարանը երկու օր առաջ կրկին գաղտնիության պայմաններում նիստ է հրավիրել, որի մասին ո՛չ հայտարարություն են տարածել, ո՛չ էլ պատգամավորներն են նախընտրում հաստատել այդ փաստը։ Մեզ պատմեցին, որ նիստի օրակարգում երկու հարց է ընդգրկված եղել, որոնցից մեկի շուրջ լուրջ կրքեր են բորբոքվել։
Անցած տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո Հայաստան տեղափոխվելուց ամիսներ անց խորհրդարանականները պարզել են, որ դեռեւս մայիս ամսվանից Արցախի բնակչության եկամուտներից օրենքով սահմանված գումարները չեն փոխանցվել կենսաթոշակային կուտակային ֆոնդերին։

Հիշեցնենք, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում արդեն մի քանի տարի է՝ գործում է այս համակարգը` յուրաքանչյուր աշխատողի եկամտի որոշակի տոկոսը կուտակվում է նշված ֆոնդերում, որպեսզի կենսաթոշակային տարիքում ունենան «ապահով ծերություն»: Արցախից` մայիս ամսվանից սկսած, այդ գումարները թեեւ պահվել են մարդկանց աշխատավարձերից, սակայն դրանք չեն կուտակվել ֆոնդերում, եւ արցախցիները հիմա փորձում են պարզել, թե ուր են անհետացել կամ, լավագույն դեպքում՝ ինչի վրա են ծախսվել այդ գումարները։ Խոսքը մայիսից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածին է վերաբերում, մեզ հասած տեղեկություններով՝ 1 միլիարդ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։

ԱՀ նիստի ժամանակ թեժ քննարկում է ծավալվել հարցի շուրջ, իշխանական որոշ պատգամավորներ փորձել են արդարացնել գործող իշխանություններին եւ իրենց ունեցած տեղեկություններն են հայտնել այն մասին, որ բլոկադայի պայմաններում Արցախի իշխանությունները կենսաթոշակներ բաժանելու եւ այլ ծախսեր իրականացնելու հետ կապված ֆինանսական խնդիրներ են ունեցել, քանի որ մի կողմից Հայաստանից ամբողջ բյուջեն չեն փոխանցել, մյուս կողմից՝ բլոկադան տնտեսական եւ հարկահավաքման տարբեր խնդիրներ է առաջացրել, ինչի հետեւանքն էլ դարձել է ֆինանսական կրիզիսը։ Սակայն այս փաստարկին հակադրվողներ են եղել, ովքեր հիշեցրել են ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, որ իրենք Արցախին ուղղված ֆինանսական պարտավորությունները պարտաճանաչ կերպով կատարում են՝ աշխատավարձերի եւ կենսաթոշակների հետ կապված, ուստի չէր կարող կենսաթոշակի խնդիր առաջանալ։

Մեզ ասացին, որ կուտակային ֆոնդերի կառավարման գործառույթն իրականացնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, եւ բացառվում է, որ այստեղ տեղյակ չլինեին այդ խնդրից, բայց թե ինչու են լռում մինչ օրս, անհասկանալի է։ Արցախի պատգամավորներն այդ նիստում որոշել են գրավոր դիմում հասցեագրել ՀՀ կառավարությանը՝ խնդրին որեւէ ձեւով լուծում ակնկալելով։

Մենք լսեցինք նաեւ Արցախում անցած տարի մինչեւ օգոստոսի կեսերը ֆինանսների նախարար աշխատած Վահրամ Բաղդասարյանին։ «Կուտակայինները պարբերաբար փոխանցվել են` աշխատավարձերը տրամադրելուց հետո, այդ գործընթացի կառավարիչը Հարկային մարմինն է, ծրագիրը կառավարվում էր Հայաստանից՝ ՊԵԿ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն։ 2023 թվականին պարբերաբար ուշացումներով են այդ գումարները փոխանցել՝ կապված բլոկադայի եւ հոսանքի հովհարային անջատումների հետ։ Կուտակայինի թիվը հաշվարկելը ենթադրում է, որ ծրագիրը մոտ 24-25 ժամ անխափան պետք է աշխատի, այսինքն՝ դա տեխնիկական խնդիր է։ Մի քանի ամիս հաշվարկել է միանգամից վճարել, բայց մայիսից սկսած, այո, հարկայինը դա չէր կարողանում հաշվարկել՝ կապված հոսանքի խնդրի հետ, օգոստոսին հաշվարկել է, իմ հիշելով` մոտ 6 հարյուր միլիոնի մասին է խոսքը, որ չենք կարողացել փոխանցել, քանի որ ֆինանսական խնդիրներ կային, եւ առաջնահերթությունները որոշվել է կենսաթոշակ, աշխատավարձ վճարելու մասով, իսկ օգոստոսից ես ազատվել եմ ու տեղյակ չեմ։ Շեշտում եմ՝ իմ դուրս գալու օրը պետական բյուջեում բավականին մնացորդ կար, մի քանի անգամ ավելի, քան այդ կուտակայինի պարտքն էր, եւ կարող էին  ժամանակին վճարել»,- ասաց ԱՀ ֆինանսների նախկին նախարարը, որն ազատվել է օգոստոսի վերջերին։

Նշենք, որ ԱԺ օրակարգի մյուս հարցը եղել է երկու պատգամավորի՝ իրենց խմբակցություններից դուրս գալու եւ անկախ գործունեություն իրականացնելու հարցը։ Մեկն «Ազատ հայրենիքի» անդամ Արամայիս Աղաբեկյանն է, ով, ըստ տեղեկությունների, միակն է, որ դեմ է քվեարկել Շահրամանյանի ընտրությանը, քանի որ կառավարվում է ՀՀ իշխանությունների կողմից, մյուսը՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքից» Գոհար Սարգսյանը։
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a743d04b25c26f2b98d2783030f9ce18

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»