Search
Close this search box.

ՖՈՏՈ․ 92-ամյա ամերիկուհին աշխարհի ամենատարեց աշխատող մոդելն է

Ամերիկուհի Կարմեն Դել’Օրեֆիսն աշխարհի ամենատարեց աշխատող մոդելն է, որն այս ոլորտում է 13 տարեկանից և անգամ 92 տարեկանում շարունակում է նույն գործով զբաղվել:

Ինչպես գրում է Oddity Central-ը, անցած տարի կինը զարդարել է Vogue ամսագրի շապիկը՝ որպես աշխարհում ամենատարեց աշխատող մոդել:

Դել’Օրեֆիսը մեծացել է Նյու Յորքում՝ իր մոր հետ և հեշտ մանկություն չի ունեցել: Նա հիշում է, որ այնքան թերսնված էր, որ լուսանկարիչները ստիպված էին հետևի հատվածից գնդասեղներով նեղացնել հագուստները և անձեռոցիկներով նրա նիհար մարմնին ցանկալի կլորություններ տալ:

Նրանք տանը նույնիսկ հեռախոս չունեին, ուստի Vogue-ը ստիպված էր վազորդներ ուղարկել նրան նկարահանումների կանչելու համար: Կնոջ մոդելային աշխատանքը հազիվ էր բավարարում ընտանիքը պահելու համար, ուստի նա և մայրը նաև դերձակուհի էին աշխատում՝ ծայրը ծայրին հասցնելու համար:

Դել’Օրեֆիսի անձնական կյանքը ևս հարթ չի եղել. կինն ամուսնացել է Բիլ Մայլզի հետ՝ մի տղամարդու, որը շահագործել է նրան՝ վերցնելով կնոջ մոդելային աշխատանքի վարձատրությունները՝ թույլ տալով նրան միայն 50 դոլար ստանալ ամբողջ վաստակից: Նրանք բաժանվել են, և Դել’Օրեֆիսն ամուսնացել է լուսանկարիչ Ռիչարդ Հեյմանի հետ, որը լքել է նրան այն բանից հետո, երբ 1958 թվականին նա որոշել է հեռանալ մոդելային կարիերայից:

Ֆինանսական անկայուն իրավիճակը դրդել է Կարմեն Դել’Օրեֆիսին վերադառնալ մոդելային կարիերայի 1978 թվականին, և ընդամենը մի քանի տարի անց նա նորից զարդարում էր նորաձևության ամսագրերի շապիկները: Այդ ժամանակվանից նա ջանասիրաբար աշխատում է՝ հանդես գալով ամսագրերում, գովազդային արշավներում և նույնիսկ հայտնվելով տարբեր նորաձևության տների ցուցադրությունների պոդիումներում: Նա անում է ամեն ինչ, և չնայած իր տարիքին, կանգ առնելու նշաններ ցույց չի տալիս:

2022 թվականին, 91 տարեկանում, Դել’Օրեֆիսը մերկացել է համարձակ ֆոտոշարքի համար, իսկ անցյալ տարի զարդարել է մի քանի նորաձևության ամսագրերի շապիկներ, այդ թվում՝ Vogue, L’Officiel India և Schön China: Նա շարունակում է ապացուցել, որ տարիքը պարզապես թիվ է: