Search
Close this search box.

Նման որոշումը ցավալի է․ ռուս սենատորը արձագանքել է Ալեն Սիմոնյանին

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ ռուս խորհրդարանականները մտադիր չեն սառեցնել հարաբերությունները հայ օրենսդիրների հետ, հաղորդում է «РИА Новости»-ին։

«Մենք այդ մասին չենք խոսում և չենք մտածում այդ մասին», – ռուս և հայ խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին գործակալության հարցին պատասխանել է Կարասինը։ Մեկնաբանելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին չմասնակցելու որոշումը՝ ռուս սենատորը ափսոսանք է հայտնել:

«Բայց նման որոշումը, բնականաբար, ցավալի է։ Կցանկանայինք, որ նրանք մասնակցեին»,- ասել է նա։ Միաժամանակ Կարասինը նշել է, որ ռուս սենատորները պարբերաբար շփվում են իրենց հայ գործընկերների հետ թե՛ անմիջականորեն, թե՛ տեսակապով, թե՛ դեսպանատան միջոցով։ «Մենք մտածում ենք այն մասին, որ հարաբերությունները լինեն բովանդակալից և ակտիվ», – ավելացրել է նա:

Այսօր ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին և 16-րդ լիագումար նիստին: Նիստերին չի մասնակցի նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը: