Search
Close this search box.

Հաջորդ հարվածը հասցվելու է Հայաստանին. «Զանգ» նախաձեռնության անդամին փողոց է դուրս բերել երկրին սպառնացող վտանգը

Ոստիկանությունը երեկ դրսեւորել է ոչ իրավաչափ վարքագիծ, ոչ համաչափ ուժ է կիրառել հավաքի մասնակիցներ նկատմամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Մաշտոցի պուրակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Զանգ նախաձեռնության հերթական ակցիայի ժամանակ հայտարարեց Սուրեն Սահակյանն՝ հորդորելով ոստիկանությանը այսօր իրավաչափ եւ համաչափ վարքագիծ դրսեւորել:

Նախաձեռնության անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը իր խոսքում ասաց, որ իրեն փողոց է դուրս բերել երկրին սպառնացող վտանգը. «Այն, ինչ որ տեղի ունեցավ Արցախում կանխատեսելի էր եւ չկանխվեց ու հաջորդ հարվածը հասցվելու է Հայաստանին: Հաջորդ հարվածով Հայաստանում տեղի է ունենալու այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, այսինքն՝ բլոկադա եւ ռազմական գարեսիա ու հետո վերջում մեկն էլ այդ կապիտուլյացիայի թուղթն է ստորագրելու, ինձ թվում է՝ բոլորիս էլ պարզ է, որ իշխանության մնացող Նիկոլ Փաշինյանը հակված է դա անել: Ի՞նչ է մնալու մեզ անել, դուրս գանք փողոց եւ փորձենք դա կանխել: Այդ լսումները կան, երբեք չմտածեք, որ Հայաստանը չունի դաշնակիցներ, այսօր Փաշինյանը հրաժարվել է պայքարից, ու սա է ինձ այսօր հանել փողոց»:

Նախաձեռնության անդամները զանգ հնչեցնելով եւ վրանով իրազեկման ակցիա կանցկացնեն Կենտրոնի փողոցներում եւ կփորձեն վրան տեղադրել, ինչը նախօրեին նրանց չհաջողվեց անել:

Ակցիան հսկում են ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ:

Նշենք, որ նախօրեին նույնպես «Զանգ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի կենտրոնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։