Search
Close this search box.

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ-ին․ ռուս պրոֆեսորն արձագանքել է Ալեն Սիմոնյանին

Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ չի մասնակցելու դեկտեմբերին ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք միջոցառմանը՝ նշելով, որ տեղին չի համարում իր մասնակցությունը ստեղծված իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում: Միաժամանակ, ԱԺ նախագահը կրկին վստահեցրեց, թե Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Ռուսաստանում, սակայն, հակառակ կարծիքն ունեն։

«Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը կազմակերպության կազմից երկրի դուրս գալու նախազգուշացում է», — ասել է ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ)պրոֆեսոր Ալեքսեյ Պոդբերեզկինը։ 

Նրա խոսքով, միայն Հայաստանում իշխանափոխությունը կարող է երկիրը թողնել կառույցի անդամ։
Պոդբերեզկինը նշել է, որ ստեղծված իրավիճակը բավականին մտահոգիչ է, քանի որ ամեն ինչ վկայում է ՀԱՊԿ-ից՝ Հայաստանի մոտալուտ դուրս գալու մասին։ 

«Կրկնվում է ուկրաինական և վրացական փորձը (ԱՊՀ-ից դուրս գալը), Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ամենայն հավանականությամբ, կլինի նույնը, ինչ Ուկրաինայի հետ, որը նախ ստորագրեց ԱՊՀ պայմանագիրը, ապա սառեցրեց իր մասնակցությունը, իսկ հետո փաստացի դուրս եկավ»,- ընդգծել է պրոֆեսորը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, միակ բանը, որը թույլ կտա երկրին մնալ միավորման մեջ, իշխանափոխությունն է. Առանց այդ գործոնի, այն անպայման դուրս կգա ՀԱՊԿ-ից, քանի որ հայաստանյան քաղաքականության մեջ խիստ տեսանելի է կողմնորոշումը դեպի Արևմուտք, եզրափակեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներին չեն մասնակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Hraparak.am