Search
Close this search box.

Անկլավների հարց, այո կա. բանակցություններում եղել են այդ թեմայով քննարկումներ. Նիկոլ Փաշինյան

Անկլավների հարց, այո կա, բայց ի՞նչ է նշանակում այդ հարցը եւ որտեղից կա եւ ինչու կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղության պայմանագրի սկզբունքներից մեկն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի տրածքների վրա, եւ երբ ասում ենք Հայաստանի 29 800 քկմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք ԽՍՀՄ ժամանակ պատկանել են Ադրբեջանին եւ Հայաստանի 29 800 քկմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է շրջափակված Ադրբեջանի տարածքով: Այս հարցը պետք է ինչ-որ ձեւով հասցեագրվի: Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, որ նման հարց չկա: Արծվաշենը ինքնիշխան Հայաստանի տարածք է, ես չեմ կարող ուղղակի ասել՝ ՀՀ ինքնիշխան տարածքի այս կտորի հետ գործ չունենք: Երբ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որն իր բնութագրմամբ եւ ԽՍՀՄ քարտեզներով ու որոշումներով դե յուրե գոյություն են ունեցել: Եթե ասենք անկլավի հարց չկա, ուրեմն պետք է ասենք, որ էքսկլավի հարց էլ չկա, Արծվաշենի հարց էլ չկա, բայց երկու հարցն էլ կա: Խաղաղության գործընթացում այդ երկու հարցերը պետք է կարգավորվեն»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այս խնդրի լուծման մի քանի տարբերակ կա. «Ասենք, մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, Ադրբեջանը՝ այն դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ: Այստեղ բազմաթիվ հարցեր կան: Նախ պետք է այդ էքսկլավի տարածքը գծել, վերահաստատել: Երկրորդ, մենք անմիջական սահման Արծվաշենի հետ չունենք, ո՞նց ենք մեր սահմանից մինչեւ Արծվաշեն տարծքն անցնելու, համապատասխանաբար Ադրբեջանն էլ իր պարագայում: Այստեղ առաջանում են շատ խնդիրներ:

Այստեղ կարելի է այլ լուծում գտնել, որ այն էքսկլավները, որոնք պարփակված են Հայաստանի տարածքով, սկսում են համարվել դե յուրե ՀՀ տարածք, այն տարածքները, որոնքպարփակված են Ադրբեջանի տարածքով, սկսում են համարվել Ադրբեջանի տարածք: Բայց սա արդեն կոնկրետ պայմանագրի թեմա է, որը պետք է նաեւի ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվի»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ բանակցություններում եղել են այդ թեմայով քննարկումներ. «Այս պահին այս թեմայով շատ կոնկրետ, առարկայական պայմանավորվածություն, համաձայնություն չկա: Եթե մենք գործողություն անելու կլինենք, դուք այդ մասին կիմանաք, մենք կքննարկենք»:

Նա վստահեցրեց, որ այս խնդրի լուծման որեւէ տարբերակ չկա, որից բխող զուգահեռ լուծումները տեղում հնարավոր եւ մտածված չլինեն. «Այս հարցի շուրջ լարվածությունները շատ ավելին են, քան արժի, որ այս խնդրի վերաբերյալ լարվածություն ունենանք»: