Search
Close this search box.

Կհանձնարարեմ. ՀՀ վարչապետը՝ արցախցու հարցին

Արցախից բռնի տեղահանված եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընտանիքի հետ բնակություն հաստատած Նիժաննա Թամրազյանը տեսահարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնեց, որ ինքը, ունենալով իրավաբանի մասնագիտություն, դիմել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում աշխատելու համար, սակայն չունենալով ՀՀ քաղաքացիություն, այժմ կանգնած է խնդրի առաջ։

«Փորձաշրջանն անցնելուց հետո հանձնել եմ թղթերս, որպեսզի անցնեմ աշխատանքի, բայց խոչընդոտ է հանդիսացել ՀՀ քաղաքացիության բացակայությանը, դիմել եմ Անձնագրային բաժին, քանի որ այդ աշխատանքն ինձ համար կարեւոր էր, բայց ինձ պատասխանել են, որ գործընթացը տեւելու է 90 աշխատանքային օր եւ ավելի։ Ես պատրաստ եմ սպասել գործընթացի ավարտին, բայց այդ աշխատատեղը թափուր չի մնալու։ Կազմակերպեք այնպես, որ հանրային ծառայության պաշտոններում աշխատել ցանկացող արցախցիները մինչեւ քաղաքացիության ձեռքբերման գործընթացի ավարտը կարողանան աշխատել տվյալ պաշտոններում՝ ժամանակավոր պայմանագրային հիմունքներով, կամ թող գործընթացն իրականացվի սեղմ ժամկետներում»,- նշեց արցախցին։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցով մինչեւ 90 օր կարգավորումն օրենքի կարգարավորումն է։

Փաշինյանի խոսքով՝ միշտ չէ, որ պետք է տեւի 90 օր, երբեմն նաեւ մինչեւ 90 օր է տեւում․ «Մենք Կառավարությունում քննարկում ենք ունեցել, հանձնարարական եմ տվել, որ մեր հայրենակիցների քաղաքացիության հարցի լուծումը տեղի ունենա հնարավորինս արագ։ Մենք կարող ենք առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել այն բռնի տեղահանվածների նկատմամբ, ովքեր արդեն իսկ դիմել են հանրային ծառայության պաշտոններում աշխատանքի անցնելու համար, որովհետեւ մյուս դեպքերում քաղաքացիության անհրաժեշտություն չկա։ Ես հույս ունեմ, որ այդ տվյալներն արագ կհավաքագրեն, ես կհանձնարարեմ, որ այն ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնք դիմել են հանրային ծառայության անցնելու համար եւ խոչընդոտը քաղաքացիությունն է, նրանց գործերը ավելի արագ քննարկվեն»։