Search
Close this search box.

Աղմկոտ սպանության գործով իրեղեն ապացույցները չկան․«հետախուզվում են» դանակն ու պարկուճները

Armtimes.com-ը գրում է. 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով էական նշանակություն ունեցող իրեղեն ապացույցները չկան: Դատարանը նրանց երեկ հնարավորություն չունեցավ «հայտնաբերելու»:

2016 թվականի նոյեմբերի 13-ին  Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյաՄուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էրնաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւՉարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Նշենք, որ  նախորդ նիստին սույն գործով հետազոտվեցին գործում եղած ապացույցները եւս ըստ հաջորդականության այսօր պետք է հետազոտվեին ինչպես տուժողների հագուստները այնպես էլ՝ գործով էական նշանակություն ունեցող դանակը, «Մակարով» ատրճանակի փամփուշտներն ու պարկուճները, ինչպես նաեւ գաղտնալսումները: Ինչ վերաբերում է զենքին, ապա դա փորձագիտական կենտրոնում է:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ համապատասխան կրիչներ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների լազերային սկավառակները եւ մի քանի փաթեթներ բերված չեն նիստերի դահլիճ: Դատավորն ասաց, որ նիստերի դահլիճ բերված իրեղեն ապացույցները կհետազոտեն, որից հետո ընդմիջում կհայտարարեն չբերված ապացույցների հարցը կարգավորելու համար:

Ապա հերթը հասավ էական նշանակություն ունեցող իրեղեն ապացույցներին՝ դանակին, պարկուճներին եւ սկավառակներին: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց՝ նշելով. «Փորձենք հայտնաբերել մյուս իրեղեն ապացույցները եւ ենթարկել զննության, պարզենք դրան ուղարկվե՞լ են դատարան, թե՝ ոչ»: Նշենք, որ այդ ապացույցները իրերի պահման սենյակում են, հետեւաբար, եթե դրանք այնտեղ լինեին, ապա հայտնաբերելը կլիներ մի քանի վայրկյանի խնդիր: Ընդմիջումը սակայն 10 րոպեից ավելի տեւեց՝ մոտ  կես ժամ, ինչից հետո դատավորը, դատավարության մասնակիցներին ասաց, թե ապացույցները կհետազոտվեն հաջորդ դատական նիստում: Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ այսօրվա դատական նիստը պետք է հետաձգել, քանի որ ժամը 15:00-ին դատարանը ծանրաբեռնված է մեկ այլ դատական նիստով (նկատենք, որ սույն նիստը վերսկսվեց 15:20-ին: Այնինչ այս գործով նախորդ դատական նիստի ավարտին դատավորը հայտնել էր, որ 14:00-ից հետո նշանակված դատական նիստ ունի, եւ կողմերի հետ համաձայնության եկել այս նիստն ընդմիջելու, նախապես նշանակված դատական նիստն «ինչ- որ կերպ ընդմիջելու», ապա այս նիստը վերստին շարունակելու մասին: Իսկ ահա Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ այսօր ժամը 15:00-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ նշանակված որեւէ դատական նիստ չկար:

Թե ո՞ւր են անհետացել գործով էական նշանակություն ունեցեղ իրեղեն ապացույցները, պարզել չհաջողվեց:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: