Search
Close this search box.

Ինչու ամբողջությամբ չեն վճարվել Արցախի պետական աշխատողների աշխատավարձերը. ԱՀ պետնախարար

ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը: Նա նշել է, որ Արցախի սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով հասարակական հիմունքներով շարունակում են զբաղեցնել այդ պաշտոնները:

«Այս պահի դրությամբ ԱՀ կառավարությունը որևէ ծրագիր չի կարող իրականացնել, քանի որ ֆինանսական ռեսուրսների բացակայության պայմաններում չենք կարող իրականացնել: Մեր հայրենակիցների կրթական, սոցիալական և այլ հարցերի վերաբերյալ կարգավորումները տրվում են ՀՀ կառավարության կողմից, ողջ պարտավարությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը: Մենք ունենք տարբեր ձևաչափերով համագործակցության, հանդիպումների և քննարկումների օրակարգ և կարողանում ենք ապահովել մեր ժողովրդի խնդիրները, բնակիչների խնդիրները, ներկայացնել առաջարկների տեսքով ՀՀ կառավարությանը, որ կարողնանք այդ հոգսերը թեթևացնել, կամ ծրագրերը ավելի արդյունավետ դարձնել»,-ասել է նա:

Ըստ Արցախի պետնախարարի՝ սեպտեմբերի համար աշխատավարձերը 100 տոկոսով չեն վճարվել, քանի որ տեղահանվելու պահին գանձապետական հաշվում եղած ֆինանսական միջոցները կազմել են աշխատավարձային ֆոնդի 85 տոկոսը։ Աշխատավարձերն այդ պատճառով վճարվել են եղած միջոցների համամասնությամբ։

Իր խոսքով՝ Արցախի պետական մարմինների աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկը և արձակման նպաստը ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով այ պահին հաշվառված են որպես Արցախի Հնարապետության կառավարության պարտավորություն: