Search
Close this search box.

ՊԵԿ–ը հայ-վրացական սահմանին բեռնատարների կուտակումների մասին

Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը, հետևաբար նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն` հերքելով ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ:

Նշվում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում է առաջացող խնդիրները: Այս պահի դրությամբ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել»,–ասվում է ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը օրեր առաջ հայտնել էր, որ Վերին Լարսի անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով: Նախատեսվում է անցակետ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտքի կողմից։ Ճանապարհի առանձին հատվածներ ժամանակավորապես կփակվեն, ինչն էլ կհանգեցնի ավտոմեքենաների հոսքի դանդաղեցմանը։