Search
Close this search box.

Գեղարքունիքի մարզում կոռուպցիոն սկանդալային բացահայտումից հետո դատախազությունում ինքնամաքրման գործընթաց է սկսվել. Մարզի դատախազի ամփոփումը

Գեղարքունիքի մարզում հանցագործության դեպքերը նվազել են, ավազակային հարձակման դեպք նախորդ տարի մարզում ընդհանրապես չի եղել, ավելին՝ պակասել են նաև բնակարանային գողության դեպքերը։

Aysor.am-ին տված հարցազրույցում Գեղարքունիքի դատախազ Սարգիս Մնացականյանը ամփոփել է անցած տարին։

– Պարոն Մնացականյան, խնդրում եմ թվային տվյալներով ներկայացնել Գեղարքունիքի մարզում հանցավորության մակարդակը՝ ըստ տարբեր ոլորտների։

– 2017 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, Գեղարքունիքի մարզում արձանագրվել է հանցագործության դեպքերի նվազում, գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 92 դեպքով կամ 11,2 տոկոսով. 2016թ. գրանցվել է 821 դեպք, իսկ 2017թ.՝ 729-ը: Ծանր հանցագործության դեպքերը նվազել են 13-ով կամ 15,9 տոկոսով (2016թ.՝ 82, իսկ 2017թ.՝ 69), սակայն դրան զուգահեռ առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 6-ով (2016թ.՝ 5, իսկ 2017թ.՝ 11): Այս առումով պետք է նշել, որ 3 դեպքով աճ է գրանցվել սպանության գործերով, ընդ որում սպանության 2 դեպքերը կատարվել են անմեղսունակ վիճակում այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց կողմից: Սպանության փորձի դեպքերով փոփոխություն չի գրանցվել. ինչպես 2016թ.-ին այնպես էլ 2017-ին գրանցվել է նմանատիպ մեկական դեպք: Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը նվազել են 1-ով (2016թ.՝ 8, 2017թ.՝ 7): Մարդու դեմ ուղղված այլ հանցագործություններով դեպքերը նվազել են 24-ով կամ 13,7 տոկոսով. 2016թ.՝ 175, 2017թ.՝ 151 դեպք: 52-ով կամ 36,1 տոկոսով՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հանցագործություններով. 2016թ.՝ 144, 2017թ.՝ 92 դեպք:

Ուշագրավ է, որ 6 դեպքով կամ 46,2 տոկոսով (2016թ.՝ 13, 2017թ.՝ 7) նվազել է մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հանցագործությունները, 4-ով կամ 100 տոկոսով (2016թ.՝ 4, 2017թ.՝ 0) ավազակությունով, 14-ով կամ 32,6 տոկոսով (2016թ.՝ 43, 2017թ.՝ 29) բնակարանային գողություններով, 8-ով կամ 42,1 տոկոսով (2016թ.՝ 19, 2017թ.՝ 11) խարդախությունով, 16-ով կամ 88,9 տոկոսով (2016թ.՝ 18, 2017թ.՝ 2) յուրացնելու կամ վատնելու, և 11-ով կամ 52,4 տոկոսով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով:

Նվազմանը զուգընթաց՝ լատենտային հանցագործության դեպքերի աճ է արձանագրվել՝ 2-ով (2016թ.՝ 4, 2017թ.՝ 6) խուլիգանության, 17-ով (2016թ.՝ 26, 2017թ.՝ 43) թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այդ թվում՝ 9-ով (2016թ.՝ 5, 2017թ.՝ 14) թմրամիջոցների ապօրինի իրացման, 1-ով (2016թ.՝ 1, 2017թ.՝ 2) պետական գույքի գողության, 2-ով (2016թ.՝ 1, 2017թ.՝ 3) պետական գույքի յուրացման կամ վատնման, 11-ով (2016թ.՝ 125, 2017թ.՝ 136) ուրիշի գույքի գողության, 9-ով (2016թ.՝ 0, 2017թ.՝ 9) տրանսպորտային միջոց փախցնելու և 6-ով (2016թ.՝ 0, 2017թ.՝ 6) կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերով:

Հաշվետու ժամանակաշրջանի ամփոփումը ցույց է տալիս, որ չբացահայտված հանցագործությունների թվում գերակշիռ մաս են կազմում գողության դեպքերը, այդ թվում՝ բնակարան ապօրինի մուտք գործելով: Սակայն դրան զուգահեռ պետք է փաստել, որ նախորդ տարվա համեմատ դեպքերը նվազել են 14-ով, ինչը մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների համակարգված աշխատանքի արդյունք է: 2017թ. առաջին կիսամյակի աշխատանքի ծրագրի համաձայն ամփոփվել է 2016թ. ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության վիճակը, որի արդյունքներով հաղորդումներ են ուղարկվել Գեղարքունիքի մարզպետին, ՀՀ քննչական և ոստիկանության մարզային վարչությունների պետերին: Ձեռնարկված գործուն միջոցառումների արդյունքում տարվա վերջին արձանագրվել է բնակարան մուտք գործելով կատարված գողությունների դեպքերի նվազում 11-ով:

Բացի այդ, 2017 թվականի ընթացքում մարզի դատախազությունում վերլուծություններ ու ամփոփումներ են կատարվել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու համար: Այդ կապակցությամբ մարզում կատարված հանցագործությունների շարժընթացում արձանագրված փոփոխությունների, առանձին հանցատեսակների աճի և նվազման պատճառների, հանցագործությունները բացահայտելու և կանխելու հարցում հետաքննության մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ 6 միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետին և տարբեր պետական ու այլ մարմիններ: Դրանցով նախանշած թերությունների վերացման, պարտականությունների կատարման պատասխանատվության բարձրացման արդյունքում արձանագրվել են վերը թվարկված դրական ցուցանիշները։

– Արդյոք հանցավորության մակարդակը աճել է։ Եթե այո, խնդրում եմ բացատրել՝ ինչո՞ւ։

– Ինչպես արդեն նշեցի Գեղարքունիքի մարզում 2017 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի նվազում գրեթե բոլոր տեսակներով, ինչով, ի դեպ, մարզը տարբերվում է հանրապետությունում առկա իրավիճակից: Հանցագործության դեպքերի մեջ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ավազակային հարձակման դեպքերի բացակայության, բնակարանային գողությունների 14 դեպքով նվազման իրողության վրա: Նշված հանցատեսակները հիմնականում կատարվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության գալով կամ կազմակերպված խմբի կողմից և ունեն բարձր հանրային վտանգավորության աստիճան: Այսինքն՝ դրանք կատարվում են պլանավորված և կազմակերպված, որի արդյունքում, կարծում եմ, արձանագրվում է հանցավորության մակարդակի փոփոխություն:

Սակայն չի կարող չմտահոգել 2017 թվականի ընթացքում դեպքերի նվազման ֆոնին առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի քանակական աճը:

Մասնավորապես՝ սպանության դեպքերն ավելացել են 3-ով, որից 2-ը կատարվել են հանցագործության կատարման սուբյեկտ չհանդիսացող անմեղսունակ անձանց կողմից: Առանձնապես ծանր հանցագործության մյուս դեպքերում շարժառիթ են հանդիսացել ոչ թե հանցավոր խմբավորումների հակադրումը կամ տնտեսական պայքարը տարբեր հանցավոր խմբավորումների միջև, որի արդյունքում տեղի ունեցած լիներ կազմակերպված պատվիրված սպանություն, այլ դրանք կրել են հիմնականում կենցաղային բնույթ և սպանությունների դրդապատճառը ձևավորվել է իրավիճակային պայմաններում:

Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի դինամիկայի փոփոխության մեջ կարելի է կարևորել կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 6 դեպքերով աճը, որոնք հանդիսանալով բարձր լատենտայնություն ունեցող հանցատեսակներ, բացահայտվել են դատախազության և մյուս իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի արդյունքում:

Ընդհանրապես կոռուպցիոն հանցատեսակները, ունենալով հանրային առավել վտանգավորության և կազմակերպվածության բարձր աստիճան, կարող են ազդել հանցավորության մակարդակի փոփոխության վրա:

Ամփոփելով խոսքս՝ կարող եմ հայտնել, որ Գեղարքունիքի մարզի տարածքում 2017 թվականի ընթացքում հանցավորության մակարդակի կտրուկ փոփոխություն չի արձանագրվել:

– Խնդրում ենք ներկայացնել մարզում անչափահասների մասնակցությամբ հանցավորության մակարդակը։

– 2017 թվականի ընթացքում արձանագրվել է 3 անչափահասի կողմից կատարված 2 հանցագործության դեպք, իսկ 2016թ.՝ 18 դեպք՝ կատարված 17 անչափահասի կողմից: Ինչպես տեսնում եք, դեպքերը նվազել են 16-ով կամ 88,9 տոկոսով: Հանցանք կատարած անչափահասների թիվը նվազել է 14-ով կամ 82,3 տոկոսով: նախորդ տարվա ընթացքում անչափահաս չի ձերբակալվել և չի կալանավորվել:

2016 թվականի ընթացքում վարույթում քննվել է 11 քրեական գործ, որոնցից մեղադրական եզրակացությամբ 5 գործ 8 անչափահասի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 4 գործ 3 անձի նկատմամբ կարճվել է ոչ արդարացման հիմքերով, 1 գործ միացվել է և անավարտ է մնացել 1 գործ։ Ձերբակալվել են, ապա կալանավորվել 2 անչափահաս (մեկ քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով):

2016թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործության տեսակների և անչափահասների կողմից կատարված հանցագործության պատճառների ամփոփման արդյունքներով հաղորդում է ուղարկվել ոստիկանության մարզային վարչության պետին: Այն քննարկվել է դատախազի մասնակցությամբ: 2017 թվականի 1-ին և 2-րդ կիսամյակների միջոցառումների ծրագրերի համաձայն՝ մարզի ավագ դպրոցներում անցկացվել են հանդիպումներ՝ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների և պատիժների թեմաներով: Ուսումնասիրվել և ամփոփվել է 2016թ. ընթացքում ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Գեղարքունիքի բաժնում՝ դատապարտված անչափահասների հաշվառման և պատժի կատարման վիճակը, որի արդյունքում հաղորդում է ուղարկվել բաժնի պետին՝ աշխատանքում արձանագրված թերությունները վերացնելու համար, որը քննարկվել է և ձեռնարկվել են համապատասխան միջոցներ:

Դատախազական հսկողության և կիրառված համապատասխան ներգործության միջոցների դրական արդյունքների մասին է վկայում արձանագրված դեպքերի և հանցագործության կատարմանն անչափահասների մասնակցության թվերի կտրուկ նվազումը:

Ի՞նչ կարող եք ասել թրաֆիքինգի դեմ պայքարի մասին։ Կա՞ն տվյալներ, թե թրաֆիքինգի մեջ որքան են կազմում անչափահասները, կանանց մասին տվյալները։

2017 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի տարածքում թրաֆիքինգի այդ թվում՝ անչափահասների, կանանց նկատմամբ, դեպքեր չեն գրանցվել:

Մարզի բնակչության զգալի մասը զբաղվում է սեզոնային արտագնա աշխատանքներով և եթե գրանցվել են դիմումներ կամ հաղորդումներ աշխատանքային թրաֆիքինգի վերաբերյալ, ապա դրանք հիմնականում վերաբերել են արտագնա կատարված աշխատանքների վճարների ուշացմանը, որոնց ստուգումներով հանցագործության դեպքեր չեն արձանագրվել:

2016 թվականի ընթացքում մարզի տարածքում արձանագրվել է 1 դեպք, որի վերաբերյալ հարուցվել էր քրեական գործ:

– 2017 թվականի ընթացքում հատկապես ո՞ր ոլորտում եք հաջողությունների հասել, ի՞նչն եք առանձնացնում։

– 2017 թվականի ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից նպատակաուղղված գործողություններ են կատարվել օրինականության գերակայությունն ապահովելու, այլ իրավապահ մարմինների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում հանցավորության դեմ պայքարն ակտիվացնելու, քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը հանցավոր ոտնձգությունից պաշտպանելու, իսկ խախտումների դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ:

Նշված ժամանակաշրջանում հատկանշական է քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմնափակումների գործընթացի նկատմամբ, ՀՀ դատախազության կոլեգիայի որոշումներին համահունչ, իրականացված դատախազական հսկողությունը, որի արդյունքում նվազագույնի է հասցվել առանց բավարար հիմնավորման մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ ներկայացնելու, առանց բավարար ապացույցների քրեական գործերը դատարան ուղարկելու և մեղադրանքի պաշտպանության պրակտիկան: Արդյունքում 2017 թվականի ընթացքում քննված և դատարան ուղարկված քրեական գործերով ամբաստանյալների նկատմամբ արդատացման դատավճիռներ չեն կայացվել:

Ինչ վերաբերվում է տարվա ընթացքում գրանցված հաջողությանը, ապա կարելի է արձանագրել անչափահասների նկատմամբ տարվող աշխատանքների դրական արդյունքները: Բացի այն, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակն է նվազել, միաժամանակ նվազել է նաև նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների քանակը: 2017 թվականի ընթացքում արձանագրվել է նման 2 դեպք, որոնք կապված են եղել ամուսնական տարիքի չհասած անչափահասի ամուսնության հետ:

– Նախորդ տարվա ընթացքում Ձեր մարզի հետ կապված կարևոր էր հատկապես Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանի մասնակցությամբ կաշառք ստանալու սկանդալային բացահայտումը։ Քանի որ քրեական գործն արդեն դատաքննության փուլում է, խնդրում եմ ներկայացնել՝ ինչպե՞ս ստացվեց բացահայտումը և արդյոք դա կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում էր։

– Հաստատապես կարող եմ ասել, որ նշված դեպքի բացահայտումը ՀՀ դատախազության համակարգի կողմից որդեգրված՝ կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության քաղաքականության արդյունք է: Սակայն, ցավոք, այդ գործի վերաբերյալ հանգամանքներ կամ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, քանի որ իրականացված բազմածավալ աշխատանքներին մարզի դատախազությունը չի մասնակցել:

Այդ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարումն ու դատախազական հսկողությունն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:

– Այդ գործում ներգրավված է նաև նախկին դատախազ։ Ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ Ձեր ղեկավարությամբ գործող պաշտոնյան նման շղթայի մեջ է հայտնվում։

– ՀՀ դատախազության համակարգը երկար տարիներ է արդեն իրական պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, որի սկզբնական փուլում բացառվեց համակարգում պաշտոններ զբաղեցնելու համար կոռուպցիոն դրսևորումները: Հետագայում սկսվեց ինքնամաքրման գործընթացը, որի պայմաններում անզիջում պայքար է մղվում արատավոր երևույթների դեմ:

ՀՀ դատախազության համակարգը միասնական համակարգ է և, կարծում եմ, էական չէ ում ղեկավարության ներքո աշխատող պաշտոնյային է վերաբերում կոռուպցիոն պատմությունը և որ ժամանակաշրջանում: Կարևորն այն է, որ մեր երկրում օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթով օժտված միակ պետական մարմինը պետք է բացառի իր ներսում կոռուպցիոն բոլոր երևույթները, որից հետո խստացնի պայքարը բոլոր ուղղություններով:

– Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո) սպանությունից երկար ժամանակ է անցել, բայց կարծես գյուղում որոշ լարվածություն կա։ Հանցանքը կատարելու համար մեղադրվում է գյուղապետի եղբորորդին։ Նրանք վենդետայի վախեր ունեն։ Դուք ի՞նչ եք կարծում այդ մասին։

– Հայկ Հակոբյանի սպանության դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 7-ին: Դրա բացահայտումից հետո նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում և այդ պատճառով դեպքին վերաբերող մանրամասնություններ ես չեմ կարող հայտնել: Ինչ վերաբերում է վրեժի շարժառիթով այլ հանցագործություններ կատարելու մտավախությանը, ապա կարող եմ ասել, որ մարդիկ հիմա ավելի լավ են տեղեկացված յուրաքանչյուր իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության մասին: Օպերատիվ իրավիճակը ինչպես ողջ մարզում, այնպես էլ նշված գյուղում լիարժեք վերահսկվում է: Նման մտավախությունների հիմքեր չպետք է լինեն. իրավապահ մարմինների առաջնահերթ խնդիրն է մարզի տարածքում հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նախականխումն ու կանխումը:

aysor.am