Search
Close this search box.

Երեւանի քաղաքապետարանը «փակվեց». Հրաման ոստիկաններին

Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտելու դեպքերը փաստում են, որ իշխանությունները բոլոր օղակներում անհիմն սահմանափակումներ են մտցնում լրագրողների աշխատանքի նկատմամբ: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանն այսօր քաղաքապետարանի շենքում խոչընդոտել է լրագրողների աշխատանքը՝ նրանց ոստիկանների օգնությամբ դուրս հրավիրելով շենքից:
Քաղաքապետարան լրագրողներին հրավիրել էր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ փորձելով ներկայացնել, որ քաղաքապետարանի շենքում իրենց խմբակցությունը ճնշումների է ենթարկվում: Զարուհի Փոստանջյանին ու լրագրողներին ոստիկանների օգնությամբ դուրս են հրավիրել քաղաքապետարանի շենքից:
«Ոստիկաններին խնդրում եմ միջամտեք, որևէ լրագրող իրավունք չունի Երևանի քաղաքապետարանի շենքում առանց մեր թույլտվության, հատուկ կանոնակարգի մտնելու ու շրջելու»,- ասել է Արթուր Գևորգյանը:
Այս դեպքից ժամեր անց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ենթականերին հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Սա ենթադրում է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը քաղաքապետարանի շենք խստացվելու է:
Աշոտ Մելիքանը սա խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն է որակում:
«Փոխանակ քաղաքապետարանն ավագանու նիստում տեղի ունեցած վերջին միջադեպից հետո սառնասրտություն ցուցաբերի, ինչը հարիր է քաղաքական հասուն գործիչներին, շարունակում է կրքեր բորբոքել և խախտել ոչ միայն ավագանու անդամի իրավունքները, այլ նաև լրագրողների: Այն, ինչ մենք տեսանք այսօրվա կադրերում, ցույց է տալիս, որ քաղաքապետարանի միջին օղակի պաշտոնյան ոչ միայն արգելքներ է ստեղծում ավագանու անդամի համար, այլ նաև այդ պատրվակով խոչընդոտում է լրագրողների աշխատանքը»,- ասում է Աշոտ Մելիքյանը:
Ըստ նրա՝ Արթուր Գևորգյանը ոստիկաններից ապօրինի կերպով պահաջեց, որպեսզի լրագրողներին դուրս հանեն, այնինչ, նրանք լրիվ օրինական ճանապարհով էին ներս մտել այդ շենք: «Եվ քաղաքապետարանի պաշտոնյան նշեց, որ այդ իրավիճակը լրագրողների մեղքով չի ստեղծվել: Դե եթե լրագրողների մեղքով չի եղել, նրանք իրենց պրոֆեսիոնալ պարտականություններ են կատարում, ո՞վ է թույլ տվել այդպես վարվել լրագրողների հետ»,- հարցադրում արեց Մելիքյանը:
Ըստ նրա՝ սա նաև հետևանք է իշխանությունների այն քաղաքականության, որ փորձում են օրենքով կառավարության նիստերը փակ անցկացնել:
«Հետևաբար դա շղթայական ռեակցիա է առաջացնում, և իշխանության այլ ստորաբաժանումներ նույնպես միջոցներ են ձեռնարկում, որպեսզի այդ փակ գործելաոճը որդեգրեն: Սա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ, և ոչ միայն լրագրողական հանրությունը, այլ առհասարակ հայ հասարակությունը պետք է դիմակայի այդ ամենին», ասաց Մելիքյանը:

lragir.am