Search
Close this search box.

ՆԳ փոխնախարարը՝ Արցախից եկածներին համակարգում աշխատանքի չընդունելու վերաբերյալ լուրերի մասին

Կապույտ անձնագրերը Ղարաբաղի մեր հայրենակիցներին տրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, բայց դրանք քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն և սա արձանագրվել է նաև եվրոպական դատարանների վճիռներում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու արցախցին չի կարող պարեկային ծառայությունում աշխատել Սարգսյանը նշեց․ «Նա պետք է ստանա ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են, և դրանից հետո անխոչընդոտ կարող են դիմել։ Կապույտ անձնագրերը, թե՛ տարբեր միջազգային հարթակներում, թե՛ ներպետական ընթացակարգերում նշվել է, որ ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալու հետո, խնդիրներ չառաջանան։ Սակայն, ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն»։

Մեկնաբանելով լուրերը, թե կառավարության ղեկավարի հստակ հրաման կա ՆԳՆ համակարգում Արցախից եկածներին չընդունել աշխատանքի՝ Սարգսյանն ասաց. «Նման հրահանգ, վստահեցնում եմ, չկա, որովհետև ոստիկանությունում ծառայություն են անցնում այն մարդիկ, որոնք բավարարում են ոստիկանությունում ծառայության օրենսդրական պահանջներին»: