Search
Close this search box.

Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել. փաստաբան

Արցախի Ազգային անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Եթե գործի վարույթը շարունակվեր և դատական քննությունն ընթացք ունենար, գտնում ենք, որ հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը հիմնավոր չեն եղել և Վիտալի Բալասանյանն անկասկած կարդարացվեր Արցախի դատարանների կողմից»,- համոզմունք հայտնեց փաստաբանը։

Հիշեցնենք, հուլիսի 13-ին Արցախի ԱԱԾ-ն իր իսկ տանից ձերբակալել էր Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։

Մինչ Բալասանյանի ձերբակալության վերաբերյալ պաշտոնական գերատեսչությունը հաղորդագրություն կտարածեր՝ մամուլում շրջանառության մեջ դրվեցին մտացածին տեղեկություններ՝ նրան կոռուպցիոն բնույթի չարաշահումների մեջ մեղադրելով, մինչդեռ, պարզվեց, որ Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը որևէ առնչություն չունի պաշտոնեական պարտականությունների կատարման հետ։

Քրեական գործը, որի շրջանակներում խուզարկություն էր իրականացվել, վերաբերում է Բալասանյանի որդու կողմից վարկն իբրև ոչ նպատակային օգտագործելու հետ:

Նրանից բացի իրավապահները բերման էին ենթարկել նաև նրա որդուն՝ Արթուր Բալասանյանին, եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, քեռորդուն՝ Գարիկ Յուզբաշյանին, որոնք հարցաքննվել և ազատ են արձակվել։

Վիտալի Բալասանյանին մեղադրանք էր առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի չորս հոդվածով՝ գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար։