Search
Close this search box.

Ծառուկյանի մի քանի խրատական «ապտակները» Փաշինյանին

Նախորդ օրը այցելելով Աբովյանում, ավելի կոնկրետ իր անունով կոչվող սպորտի և մշակույթի համալիր, որտեղ հանգրվանել են Արցախից բռնագաղթած 100-ից ավելի ընտանիքներ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռակա կարգով մի քանի խրատական «ապտակ» հասցրեց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին:

«Ապտակ» առաջին. Ծառուկյանը նշեց, որ չնայած իր կողմից հիմնադրված և իր ընտանիքի ֆինասավորմամբ գործող բարեգործական հիմնադրամը օգնում է արցախցիներին, բայց ինքը եկել է անձամբ տեսակցելու նրանց, որ «չմտածեք անտեսված, մի անկյունում նստած եք»: Ծառուկյանի ասածն այն էր, որ պետք է գնալ և տեսակցել մարդկանց հետ, խոսել նրանց հետ, որ մարդիկ չմտածեն՝ միայնակ ու անտեսված են իրենց ողբերգության և խնդիրների հետ: Դժվար է չհասկանալ, թե ում էր դա վերաբերվում. առաջին հերթին Փաշինյանին, քանի որ շուտով կլրանա Արցախից բռնագաղթի մեկ ամիսը, բայց նա գոնե մեկ արցախցու չի տեսակցել, մեկին չի հայտնել իր անձնական կարեկցանքը կամ աջակցությունը: Եզրափակելով իր խոսքը արցախցիներին՝ Ծառուկյանը ասաց. «Ով անտարբեր է, նա հայ չէ, կարճ ասած մարդ չէ»: Հասկացողը հասկացավ, չհասկացողին ուզում ես հինգ հազար անգամ ասա չի հասկանա:

«Ապտակ» երկրորդ․ Ծառուկյանը այդ այցի ընթացքում խոսեց ներհասարակական հաշտության և համերաշխության մասին, ինչի դեմ ամենօրյա ռեժիմով պայքարում է փաշինյանական ռեժիմը, հասարակությանը բաժանելով սևերի ու սպիտակների, նախկինների և ներկաների, արևմտամետների և ռուսասերների, իշխանամետների և ընդդիմադիրների, հիմա էլ արցախցիների և հայաստանցիների: «Ամենակարևորը՝ այսօր մեր ժողովրդի մեջ հաշտություն և համերաշխություն լինի, եթե սա չեղավ ավելի շատ ենք կորցնելու:Պետք է պառակտումը, թշնամանքը վերանա: Հայ ժողովրդի հետ ամեն ինչ էլ եղել է, եղել է, որ կորցրել ենք, եղել է, որ ձեռք ենք բերել, կարևորը հույսով և հավատով»:

Ծառուկյանի ասածը մեծ խորհուրդ է պարունակում.աշխարհի ու ժողովուրդների պատմությունը չի ավարտվում մեկ օրով: Արցախի պատմությունն էլ չավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ով, եթե մենք միասնական լինենք, մեր առջև խնդիր դնենք, ուժեղ լիենենք, դեռ հնարավորություն կունենանք հետ վերադարձնել կորցրածը, եթե շարունակենք շարժվել փաշինյանական տրամաբանությամբ ավելի շատ ենք կորցնելու:

«Ապտակ» երրորդ. «Պետք է ասեմ, որ մեր դաշնակից երկրների հետ պետք է ամուր պահենք պահենք մեր կապը, եթե մենք բոլորի հետ թշնամանանք՝ մեր այս եղած էլ ենք կորցնելու» արցախցի մեր հայրենակիցներին այցի ընթացքում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը տեսնում է, որ Փաշինյանը Հայաստանը դարձրել է հակառուսական տարածք, իշխանությունը հետևողականորեն իրականացնում է հակառուսական քարոզչություն, Հայաստանի կորուստների և ձախողումների ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը գցելով Ռուսաստանի վրա, որը Հայաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է այս բարդ տարածաշրջանում: Հնարավոր է, որ մենք այնքան էլ գոհ չենք, որոշ հարցերում դժգոհ ենք Ռուսաստանի պահվածքից, իր դաշնակցային պարտականությունները կատարելու մոտեցումներից, բայց խնդիրները լուծելու համար պետք է խոսել Ռուսաստանի հետ, պետք է հստակ դնել հարցերը, պետք է հետևողական լինել, և ոչ թե թաքուն ու բացահայտ խաղեր տալ մեր ռազմավարական դաշնակցի թշնամիների հետ, հայ հասարակությանը դարձնել ռուսատյաց:

Ծառուկյանը զգուշացնում է, որ նման քաղաքականության հետևանքները ևս կարող են կորստաբեր լինել Հայաստանի համար, հայ ժողովրդի համար:
Արդյոք Փաշինյանին ասածները տեղ կհասնեն, կօգնեն Փաշինյանին փոխել իր վարքագիծը, իր կողմից վարվող քաղաքականությունը: Իհարկե ոչ, քանզի անտարբերը չի կարող կարեկից դառնալ, դավաճանը՝ հայրենասեր, մարդատյացը՝ մարդասեր, ինչպես ընդունված է ասել. «Կուզիկին միայն գերեզմանը կուղղի»:

ArmLife.am