Search
Close this search box.

Իրանում կործանված ինքնաթիռում հայեր չեն եղել. քննարկվում է ավիաաղետի մի քանի վարկած

Ինչպես արդեն հայտնել ենք, Իրանում ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել:

Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ վկայակոչելով Իրանում ՀՀ դեսպանությանը. «Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,- գրել է նա։

Aseman Airlines ավիաընկերության տեղեկացմամբ էլ՝ կործանված օդանավում եղած 66 մարդն էլ զոհվել է. «Օդանավում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք, ցավոք, բոլորը զոհվել են»,- նշված է ընկերության հայտարարության մեջ: Ուղևորների թվում եղել է նաև մեկ երեխա:

Վարկածներից  մեկի համաձայն՝ ավիաաղետի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները: Ենթադրվում է, որ օդանավը փոշու փոթորիկի մեջ է ընկել և բախվել Դենա սարին: Օպերատիվ ծառայությունները չեն կարողանում աղետի վայր հասնել ո՛չ ուղղաթիռով, ո՛չ մեքենայով:

Երկրորդ վարկածի  համաձայն՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական խնդիրների պատճառով: Ինչպես գրում են տեղի ԶԼՄ-ները, ավելի քան մեկ ամիս առաջ ինքնաիթռը ստիպված վթարային վայրէջք էր կատարել: Հունվարի 25-ին այն վերադարձել էր Թեհրանի օդանավակայան անսարքության պատճառով:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ օդանավը ռադարներից անհետացել է թռչելուց 50 րոպե հետո: ATR-72 տեսակի օդանավը ներքին չվերթ էր կատարում Թեհրանից Յասուջ: