Search
Close this search box.

«Պատրաստ ենք քեզ մինչև կյանքիդ վերջ երաշխիքներ տալ, միայն թե թող հայրենիք փրկենք, դեռ հնարավորություն կա». Օսկանյանը` Փաշինյանին

Արցախի ժողովրդի նկատմամբ պետական տեռոր իրականացնող պետությունը՝ Ադրբեջանը, մեր ժողովրդի ճակատին դաջում է տեռորիստի պիտակը, ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Արցախի ժողովրդի նկատմամբ տեռոր իրականացնող պետությունն այսօր Ռուբեն Վարդանյանին է տեռորիստ անվանո՞ւմ: Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործերի հարուցումը, որը վերաբերում է տեռորիզմի ֆինասավորմանը, որ Ադրբեջանը իր վերջին վայրագությունները վերագրում է տեռորիզմի դեմ պայքարին, և այս բոլորի դեմ դուք լռո՞ւմ եք, ոչ մի արձագանք չե՞ք տալիս, չէ՞ որ սա ամրագրվում է մարդկանց մտքերում, միջազգային հանրության մեջ, նույնիսկ պետությունների մոտ, որոնք ինչ-որ բան են հասկանում: Բայց երբ որ լռութուն է հայկական կողմից, նրանք արդեն ընդունում են դա որպես փաստ, որպես իրականություն:

30 տարի շարունակ որևէ պետություն, միջազգային հանրությունը և նույնիսկ Ադրբեջանը չէր խոսել տեռորիզմի մասին: Ուզում եք ասեքլ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները, երբ գալիս էին Արցախ, խոսում էին ղեկավարության հետ, տեռորիստների հետ էին խոսո՞ւմ, իսկապե՞ս: Ձեր լռությունը հենց այդ բոլորի հակառակն է վկայում: Ո՞ւր է արտաքին գործերի նախարարը, ինչի՞ ձայն չի հանում: Մենք այսօր շատ ծանր ժամանակ ենք ապրում, մենք Արցախը հայաթափում ենք, որևէ ժամանակահատվածում Արցախը չի հայաթափվել և այս ամենն արդյունք է ՀՀ իշխանությունների վարած սխալ քաղաքականության»,- հավաստիացնում է դիվանագետը:

Օսկանյանը նշում է, որ վերջին 5 տարիներին յուրաքանչյուր ճակատագրական սխալ անելուց Փաշինյանին խորհուրդներ են տրվել և դիվանագիտական և ռազմավարական, սակայն նա չի լսել, նա արհամարհել է:

«Նա արհամարհել է և ունեցել ենք այս արդյունքը: Մենք զոհ ենք, ահավասիկ, մի մարդու սխալ քաղաքականության, նրա տգիտությանն այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը: Նա չի կարողանում, և այսօր մեր առաջ նոր մարտահրավերներ են կանգնած, մենք մտնում ենք նոր ճակատագրական փուլ: Փաշինյան, դու խորհրդի կարիք ունես, այսօր քո բանակցային օրակարգն անկախ քեզանից գլխիվայր է փոխվել, երբ քեզ կոչ էր արվում ավելի հանգիստ պայմաններում փոխել այդ նարատիվը, դու չարեցիր, այսօր դա անկախ քեզանից է փոխվել, ուղղակի դու դրա պատասխանը չունես, դու չգիտես՝ այս նոր պայմաններում ոնց վարվես, դու տապալել ես ամբողջ գործընթացը: Այսօր մենք զոհ ենք գնում երկու տարբեր հարթությունում տեղի ունեցող սխալների: Մեկը՝ զուտ ղարաբաղյան հարցում, բանակցությունների սխալ սկիզբ, սխալ ընթացք, իսկ ռուս-ուկրաինական հակամարտության սկսելուց հետո արդեն այդ հարթությունում ստեղծված հակամարտության պայմաններում քո հերթական արած սխալները: Հայաստանն այսօր կորցրել է իր բոլոր բարեկամներին՝ թե գլոբալ, թե տարածաշրջանային, այսօր Հայաստանի կողքին կանգնող չկա:

Բայց այդ երկու հարթություններում էլ այսօր կարելի է ինչ-որ բան անել, գիտեմ, շատերին թվում է, որ դա փրփուրներից կախվել է, թեկուզ և փրփուրներից կախվել է, բայց մի բան պետք է անել: Մենք դիվանագիտական դաշտում անելիք ունենք, և կոնկրետ ղարաբաղյան բանակցություննների հարցում և գլոբալ հարաբերությունների կոնտեքստում: Ո՞րն է խնդիրը, որ որևէ խորհուրդ չես լսում, եթե քո անձնական անվտանգության խնդիրն է, կոչ եմ անում ընդդիմությանը հանդիպել Փաշինյանին, մինչև կյանքի վերջ երաշխիքներ տալ: Միայն թե թո΄ղ հայրենիք փրկենք, թող ինչ-որ իրավիճակ փոխենք, դրա հավանականությունը այսօր կա, ես չեմ ուզում ինչ-որ փակագծեր բացեմ, ես կարող եմ մի քանի կետերով ներկայացնել, թե ինչ պետք է անել, կա այդ հնարավորությունը, բայց ես դա չեմ ուզում անեմ, նախկինում դա արել եմ, որովհետև դու չես ուզեցել կուլիսային հանդիպել և խոսել, բայց հիմա այնքան զգայուն են խնդիրները, որ չեմ կարող այդ փոքրիկ կետերը բացել: Այս ճակատագրական փուլում մի հատ սթափվեք, դուք քո թիմի հետ նստեք, խոսեք, որոշում կայացրեք, որպեսզի մենք կարողանանք, ինչ-որ մի բան փոխենք: Չենք կարող մենք Արցախ կորցնենք, սա մեր հողն է, մեր պատմական հողն է: Ադրբեջանը որևէ հավակնություն այդ տարածքի հանդեպ չի կարող ունենալ, մենք այդ դուռը պետք է բաց թողնենք և այդ դուռը բաց թողնելու հնարավորությունն այսօր կա: Մտածիր իմ այս առաջարկի մասին»,- ասաց նա: