Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է եռակողմ հանդիպում կազմակերպել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ

Պատրաստ ենք առաջիկայում Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցումը՝ Մոսկվայում ռուս-ադրբեջանա-հայկական գագաթաժողովի կազմակերպման հեռանկարով՝ նշյալ փաստաթղթի ստորագրման համար։ Այս մասին նշվել է Արցախի Հանրապետության իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում։

«2022թ. հոկտեմբերին եւ 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է հիմնարար պայմանները, որոնց պարագայում է ստորագրվել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման որոշումը։

Կարծում ենք, որ այս պայմաններում չպետք է Արցախի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի պատրաստումը Բաքվի եւ Երեւանի միջեւ՝ հենվելով մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։

Ելնում ենք այն բանից, որ այս համաձայնագրի անքակտելի մաս պետք է դառնան արցախահայերի իրավունքների եւ անվտանգության հստակ եւ հուսալի երաշխիքները, ինչպես նաեւ եռակողմ պայմանավորվածությունների ողջ համալիրի անվերապահ կատարումը Ռւոսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը։

Հաշվի առնելով շարադրվածը՝ ռուսական կողմը հաստատում է միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու տրամադրվածությունը՝ Արցախի նորմալ կենսագործունեության վերականգնման ուղղությամբ։ Պատրաստ ենք առաջիկայում Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման Մոսկվայում ռուս-ադրբեջանա-հայկական գագաթաժողովի կազմակերպման հեռանկարով՝ նշյալ փաստաթղթի ստորագրման համար։

Մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ այսօր իրավիճակն Արցախի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Խորանում է հումանիտար ճգնաժամը այդ տարածքում։ Տեղի բնակչությունը սննդամթերքների, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր անբավարարություն է զգում, գրեթե զրկված է էլեկտրա-եւ գազամատակարարումից։ Դա կարող է հանգեցնել ամենադրամատիկ հետեւանքների արցախահայերի՝ շրջանի շարքային բնակիչների համար։

Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ փոխադրման համար երկու ուղղություններով, ինչպես նաեւ վերականգնել տարածաշրջանի էներգամատակարարումը»,- նշվել է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում։