Search
Close this search box.

Ինչո՞ւ են դատախազները պաշտոնից ազատման դիմումներ ներկայացրել. մանրամասներ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է Գևորգ Բաղդասարյանը։

«Իմ որոշումն է»,- ասել է Գևորգ Բաղդասարյանը՝ զերծ մնալով պատճառների վերաբերյալ մեկնաբանություններից։

«Նշենք, որ մամուլում վաղուց էին շրջանառվում տեղեկություններ, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Գևորգ Բաղդասարյանի հարաբերությունները բավականին լարված են և Աննա Վարդապետյանը վաղուց էր ցանկանում «ազատվել» ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կադրը համարվող Գևորգ Բաղդասարյանից»,- գրում է կայքը։

Դավթյանի կադրերից համարվող Պետրոս Պետրոսյանը, որը զբաղեցնում էր Կոտայքի մարզի դատախազի պաշտոնը և, ըստ շրջանառվող լուրերի, Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ երեկ ազատվել է Կոտայքի դատախազի պաշտոնից և նշանակվել Դատախազության վարչություններից մեկի պետի տեղակալի պաշտոնում, ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Պետրոս Պետրոսյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չի հաջողվել, ՀՀ գլխավոր դատախազությունից էլ «տեղյակ չեն» գլխավոր դատախազի տեղակալի և Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին։

Ազատման դիմում ներկայացրել է նաև դատախազ Արսեն Մարտիրոսյանը, որը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազն էր։