Search
Close this search box.

Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ միւջազգային մեխանիզմների ներքո Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությունը շատ կարևոր է նաև Ադրբեջանի համար, որովհետև, եթե այդ երկխոսությունը չկայանա, խնդիրը չի լուծվելու։

Հարցին, թե Հայաստանի համար սկզբունքայի՞ն է Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության ձևավորումը՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը չի համաձայնվում դրան, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Մենք պետք է հասնենք նրան, որ Ադրբեջանը նստի ու խոսի դրա մասին, որովհետև հակառակ պարագայում նույն Ադրբեջանին ձեռնտու իրավիճակ չի ստեղծվի, կլինի մի մեծ բաց, որը տարիների, տասնամյակների ընթացքում չի կարողանալու փակել։ Եթե Ադրբեջանը չնստի ու չխոսի Արցախում բնակվող հայ բնակչության հետ, այդ վերքը մի օր պտուղներ տալու է»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ միջազգային գործոնը և միջազգային ճնշումը մեծ դեր ունեն։ Այս առումով, ըստ ԱԺ նախագահի, Հայաստանը հաջողություններ ունի։

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու։

«Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան մեզ համար»,- եզրափակեց Սիմոնյանը։

Սիմոնյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի շրջանակներում համապատասխան երաշխիքների հարցին՝ նշելով, որ այդ պայմանագրի կետերի կյանքի կոչման երաշխիքներ պետք է լինեն։ Նա որպես օրինակ բերեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի կետերն Ադրբեջանը պարբերաբար խախտում է, իսկ այն երկիրը (խմբ․ նկատի ունի Ռուսաստանը), որը երաշխավորն է, պատշաճ չի արձագանքում այդ խախտումներին։