Search
Close this search box.

Տխու՞ր ստացվեց հունիսի 1-ի առիթով․ ոչ, դա տխուր չէ, դա մտածելու հարց է:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․
Վստահ եմ, Հայաստանում բոլորդ տեսել եք մանկական խաղահրապարակների վիճակը: Թարմությունը չեմ ասում, նորոգությունը չեմ ասում: Դա իր հերթին:

Վիճակն ասելով, նախ նկատի ունեմ դրանց որակը, երեխայի համար անվտանգության չափանիշները, ստանդարտները, երկաթբետոնե խաղահրապարակներ, որտեղ ամենափափուկ բանը գետնի ավազն է (եթե իհարկե բետոն չէ, հող չէ՝ որեւէ մի թեթեւ անձրեւից արդեն ցեխ է, կամ ասֆալտ)՝ որով ոտքից գլուխ պատվում են խաղացող երեխաները, եթե իհարկե բարեբախտաբար չեն ստացել որեւէ ծանր վնասվածք այն երկաթի ու բետոնի հետեւանքով, որ խաղահրապարակների հիմնական նյութն է:

Հետո իհարկե դրանց տարածքում արեւածաղկի չրթած սերմերը, որ երեխաների հանդեպ անմնացորդ սիրով շաղ են տալիս շատ մայրիկներ: Հետո ծխախոտի մնացուկները, որ այդ խաղահրապարակների կողքին շաղ են տալիս երեխաների հայրիկները, ավագ եղբայրները, որոնք նաեւ կոտրում են խաղահրապարակները, որպես ծնողների սիրատոչոր դաստիարակության հետեւանք:

Դա է երեխաների պաշտպանության առանցքային չափանիշներից մեկը մեզանում: Դա է հունիսի 1-ի առանցքային «ուղերձը», երեխաների պաշտպանության մասին էն տարատեսակ պաթետիկ ճամարտակությունների ֆոնին, որ հնչում են ամեն տարի նույն օրը:

Տխու՞ր ստացվեց հունիսի 1-ի առիթով: Ոչ, դա տխուր չէ, դա մտածելու հարց է: Վերից վար մտածելու, թե մենք իրապե՞ս անում ենք երեխաների համար այն, ինչ պետք է, թե՞ «ինչ անում ենք՝ երեխեքի համար ենք անում»:

Իսկ երեխաներին մեր շնորհավորանքները ոչ հետաքրքիր են, ոչ էլ՝ պետք, ու դա նորմալ է, տարօրինակ կլիներ հակառակը, եթե որեւէ երեխայի հետաքրքրեին դրանք: