Search
Close this search box.

ԵՄ–ն ողջունում է Փաշինյանի համարձակ հայտարարությունը

Եվրամիությունը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 22-ին արած համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղությամբ աշխատելու Հայաստանի հստակ պատրաստակամությունը: Նման հայտարարությունն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Քանի որ այս զգայուն հարցերի շուրջ աշխատանքները շարունակվում են, կարևոր է վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկել, գործել բարեխղճորեն և առաջնորդություն ցուցաբերել՝ համապարփակ կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերի շուրջ լուծումների հասնելու համար»,– նշել է Ստանոն։

Ըստ եվրոպացի դիվանագետի` չնայած հակամարտությունների բարդ պատմությանը և անցյալի բողոքներին, բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ միջոցներով` երկխոսության ճանապարհով։

«ԵՄ-ն հանձնառու է աջակցել կողմերին այս նախաձեռնությունում»,– ասված է հայտարարության մեջ։

Ստանոյի կարծիքով` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսում ակտիվացել է, ինչը ողջունում է Եվրոպական միությունը: ԵՄ-ն կարծում է, որ կարևոր է պահպանել այդ պատմական ազդակը և խուսափել քայլերից, այդ թվում` թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղ գործընթացը:

Նշենք, որ Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսում հստակեցրել է, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարել է, որԱդրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասել է, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։