Search
Close this search box.

Եթե պաշտոնական Երևանը որոշել է փակել Արցախի հարցը, ուրեմն ԱԺ-ում քվեարկությունը պետք է անցնի բաց, որ անուն առ անուն ճանաչենք Արցախն Ադրբեջանին հանձնելու օգտին քվեարկողներին․ Դավիթ Բաբայան

Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս։ 1988 թվականից ի վեր նման բան չի եղել․ դեռ չեմ խոսում մինչ այդ ընկած ժամանակների մասին։ Եթե ՀՀ-ն ցանկանում է փակել Արցախի հարցը, ուրեմն թող մինչև վերջ տանի իրավական գործընթացը, իսկ դրանից հետո արդեն կտեսնենք, թե ինչ է ասում հայ ժողովուրդը, կերևա՝ կա՞արդյոք հայ ժողովուրդ, թե՞ չկա։ Այդ մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախին առնչվող այսօրվա հայտարարություններին։

«Փաշինյանը հայտարարեց, թե ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ-ը։ Այստեղ մի քանի ստորակետ կա․ նախ՝ միայն հայտարարելով չի։ Եթե ինքն իր ձեռքով նման փաստաթուղթ ստորագրի, հետո պետք է Ազգային ժողովը հաստատի, վավերացնի։ Եթե պաշտոնական Երևանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ուրեմն պետք է գործընթացն իրավական բոլոր փուլերով անցնի։ Շատ կարևոր է, որ Ազգային ժողովում վավերացման փուլը անցկացվի բաց, թափանցիկ քվեարակությամբ։ Դա շատ կարևոր է պատմության համար․ մենք պետք է անուն առ անուն ճանաչենք նրանց, ովքեր կքվեարկեն Արցախն Ադրբեջանին հանձնելու օգտին։ Պետք է պահանջել, որ նման գործընթաց սկսվելու դեպքում քվեարկությունը լինի բաց»-ասաց Բաբայանը։

Փաշինյանի հնչեցրած այն մտքին, թե ինքը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ-ը, իսկ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության շուջ պետք է երկխոսեն Ստեփանակերտն ու Բաքուն, Բաբայանն այսպես արձագանքեց․ «Այդպես չի կարող լինել։ Ո՛չ։ ՀՀ-ն 1994 թվականից ի վեր պարտավորված է Արցախի հարցով վարել բանակցային գործընթացը։ Եթե հիմա պաշտոնական Երևանը Արցախը որոշել է հանձնել Ադրբեջանին, ուրեմն, կրկնում եմ, իրավական գործընթացը մինչև վերջ պետք է տանի, հետո կտեսնենք, թե ինչ է ասում, ինչ է մտածում ազգը»։