Search
Close this search box.

Գայանե Մարտիրոսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում. փաստաբան

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի գործով միջնորդությամբ ներկայացվել էր խափանման միջոցի երեք հիմնավորում, որոնցից մեկից դատախազն ու քննիչները հրաժարվել են։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գայանե Մարտիրոսյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Խափանման միջոցի միջնորդությամբ ներկայացվել էր երեք հիմնավորում՝ փախուստը, նոր հանցանքի կատարումը եւ դատավարությամբ իր վրա դրված պարտավորությունների չկատարելը, որը կարող էր դրսեւորվել վկաների վրա անօրինական ազդեցությամբ: Միջնորդության քննության ընթացքում փախուստի հիմքից հրաժարվեցին դատախազն ու քննիչները: Ինչպես հասկացանք, կամ տեխնիկական վրիպակ էր, կամ միջնորդության քննության ժամանակ հանգեցին հետեւության, որպետք է հրաժարվեն: Իմ պրակտիկայում աննախադեպ երեւույթ էր, երբ միջնորդություն ներկայացնող անձը քննության ընթացքում հիմքերից մեկից հրաժարվում է: Ամեն դեպքում դա ողջունելի երեւույթ է: Մնաց երկու հիմք՝ նոր հանցանքի կատարումը եւ ազդեցությունը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ պատասխանատվություն է սպառնում ցուցմունքի բավարարման դեպքում, փաստաբանը նշեց, որ 191-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանվում է 4-8 տարվա ազատազրկում, քանի որ համարվում է ծանր հանցագործություն։

Նա անդրադարձավ նաեւ դատավորին՝ նշելով, որ ինքնաբացարկի միջնորդության համար որեւէ հիմք չկա. ««Յուրաքանչյուր դատավոր անաչառ, անկողմնակալ արբիտր է, բայց շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ դատավորներն անմասն են մնում միջնորդության քննարկման ժամանակ: Կողմերը ներկայացնում են իրենց փաստարկները, հակափաստարկները, դատավորը ընդամենը լսում է: Այս դեպքում նախագահող դատըավորը մանրամասն եւ խորությամբ հարցեր տվեց թե պաշտպանական կողմին, թե դատախազին, վարույթն իրականացնող մարմնին: մեր մոտ այն տպավորությունը ստեղծվեց, որ իրականում մանրամասն ծանոթացել է եւ միջնորդությանը, եւ հիմնավորումներին: Կարող եմ ասել, որ միջնորդության օբյեկտիվ քննություն է ընթանում: Դատա վորի անաչառության հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ այդպիսիք չկան»:

Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։

Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։