Search
Close this search box.

Երեխաները տաճարում գտել են 30 տարի առաջ անհետացած մորը

Թաիլանդում վեց երեխա վերամիավորվել է իրենց մոր՝ 86-ամյա Պուան Դումսամանգի հետ, ով անհետացել էր 30 տարի առաջ։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։

Դումսամանգի անհետացման պատճառը հայտնի չէ։ Երկար տարիներ Դումսամանգի դուստրը՝ 30-ամյա Քենյարատ Ռոդկրատուկը, փորձում էր գտնել մորը։ Պարբերաբար նրա հետ կապվում էին տեղի բնակիչները՝ հայտնելով, որ Թաիլանդի ինչ-որ նահանգում տեսել են նման մի կնոջ։ Բայց աղջկան այդպես էլ չի հաջողվել գտնել նրան։

Անհետանալուց 30 տարի անց Ռոդկրատուկը պատահաբար տեսել է Դումսամանգի լուսանկարը նորություններում: Մայրը Պրաչինբուրի նահանգի տաճարում էր։ Ռոդկրատուկը չի հավատացել իր աչքերին և անմիջապես գնացել տաճար։ Պարզվել է, որ մայրն իսկապես այնտեղ է ապրել։ Տաճարի նախկին վանահայրն ասել է, որ Դումսամանգին գտել է 2005 թվականին մոտակայքում գտնվող ամառանոցում։ Կնոջ հարազատներին չի հաջողվել գտնել, ուստի 18 տարի շարունակ վանականներն ու տեղի բնակիչները խնամել են նրան։ Տաճարի վանահայրի խոսքով՝ Դումսամանգը լուռ էր և ոչ մեկի հետ չէր խոսում։

Վանահայրը Ռոդկրատուկին խնդրել է իր եղբայրների ու քույրերի հետ գալ տաճար և բերել փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ նրանք կնոջ երեխաներ են։ Որոշ ժամանակ անց նրանք վերամիավորվել են մոր հետ։ Տարեց Դումսամանգից 20 րոպե է պահանջվել իր նախկին կյանքը հիշելու համար։ Հիմա նա կապրի տանը, երեխաները կպահեն։ Եղբայրներն ու քույրերը շնորհակալություն են հայտնել վանականներին այս ամբողջ ընթացքում կնոջը կերակրելու և խնամելու համար։