Search
Close this search box.

Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է ՊՆ պաշտոնյան և կաշառք տված անձը

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու ենթադրյալ հանցանքների կապակցությամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի աշխատակից Ա. Թ.-ն զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է 11.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է, որ զորակոչիկի հայրն իր որդուն իրականությանը չհամապատասխանող հիվանդություն ունենալու հիմքով կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար իր ծանոթ Ռ. Ա.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ի հետ:

2023 թվականի մարտի 30-ին զորակոչիկի հայրը Ռ. Ա.-ի օժանդակությամբ ՊՆ պաշտոնյային է տվել նախապես պայմանավորված կաշառքի գումարի մի մասը՝ 1000 ԱՄՆ դոլարը, իսկ կաշառքի գումարից եւս 6.000 ԱՄՆ դոլարը նրան է փոխանցել 2023 թվականի ապրիլի 7-ին: Դրանից հետո Ռ. Ա.-ն, ստանալով ՊՆ պաշտոնատար անձի՝ Ա. Թ.ի համաձայնությունը, ընդունել է զորակոչիկի հորից եւս 4.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու խոստումը: 2023 թվականի մայիսի 11-ին Ա. Թ.-ն եւ վերջինիս կաշառք տված անձը ձերբակալվել են:

Նույն օրը Ա. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ա. Թ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: