Search
Close this search box.

Գյուղապետն ու նրա ընկերները ծեծի են ենթարկել «Սպեցնազ» ՍՊԸ-ի պահնորդին

Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ապրիլի 30-ին, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Արևաբույր գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել, փոխանցում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և Ոստիականության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։

Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Եվ այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցում էլեկտրական լարերին խանգարող ծառի ճյուղերը կտրելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ 36-ամյա Արայիկ Մելքոնյանի և 36-ամյա Տաճատ Մարգարյանի, 36-ամյա Ներսես Գասպարյանի և 26-ամյա Շավարշ Ավետիսյանի միջև, որի ընթացքում վերջիններս բռունցքներով ու ոտքերով հարվածներ են հասցրել Ա․ Մելքոնյանի մարմնի տարբեր հատվածներին։

Ոստիկանները տեղում հայտնաբերել են Տ․ Մարգարյանին, Ն․ Գասպարյանին և Շ․ Ավետիսյանին և տեղափոխել Ոստիկանության Մասիսի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բաժին տեղափոխվածներից Տ․ Մարգարյանը Մասիս խոշորացված համայնքի Արևաբույր գյուղի վարչական ղեկավարն է, իսկ ծեծված Ա․ Մելքոնյանը աշխատում է «Սպեցնազ» ՍՊԸ-ում որպես պահնորդ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։