Search
Close this search box.

Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխության վերաբերյալ որևէ բանակցության մեջ․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Լաչինի միջանցքում զուգահեռ վերահսկողություն իրականացնելու առաջարկից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ ասուլիսի ընթացքում Արարատ Միրզոյանն ասաց, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանակցություն տեղի է ունեցել և պայմանավորվածություն ձեռք է բերվել, որը հանրահայտ է․ այդ պայմանավորվածությունն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։

«Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել։ Մենք կարծում ենք, որ բոլոր պայմանավորվածությունները, ոչ միայն Լաչինի միջանցքի վերաբերյալ, անխափան կերպով պետք է իրականացվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերում ունենալ»,- ասաց Միրզոյանը՝ կրկնելով նախկինում հնչեցրած կարծիքը, որ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում բացարձակապես ապօրինի է։

«Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ ադրբեջանական կողմից պահանջներ կամ առաջարկներ (դժվար է տարբերակում անել) հնչել են։ Ես արդեն ասացի, որ մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ։ Մնացած ամեն ինչը, ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, կարող են քննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ մեխանիզմում»,- եզրափակեց Միրզոյանը։