Search
Close this search box.

Նախիջևանի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերը կարո՞ղ են վերադարձի հարց բարձրացնել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում մեկնարկել է  «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով: Համաժողովին մասնակցում են Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից 1988-1992թթ. և 2020թ. ադրբեջանական իշխանությունների ռասիստական, հայատյաց, ցեղասպանական գործողությունների հետևանքով փախած, բռնի տեղահանված, ռազմական հանցագործ գործողությունների պատճառով հայրենիքը լքած, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում և այլուր ապրող փախստականների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ։

Քննարկվում  են Ադրբեջանի կողմից երկրի հայ քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների՝ Սումգայիթի, Բաքվի հայկական ջարդերի, Շահումյանի շրջանի հայ բնակչության դեպորտացիայի, բռնի տեղահանման և էթնիկ զտումների գործնական քաղականության նկատմամբ միջազգային քաղաքական գնահատականի, դատա-իրավական գործողությունների բացակայության, ինչպես նաև փախստականների իրավունքների վերականգնման, այդ թվում՝ վերադարձի իրավունքի հարցերը: 

Քննարկվում ու հասցեագրվում են նաև Ադրբեջանից, Արցախից և Նախիջևանից փախստականների իրավունքների, փախստականության պահի գույքային և այլ կորուստների, կորցրած փաստաթղթերի, այդ տարածքում իրականացված և իրականացվող մշակութային ցեղասպանության խնդիրները: Հասարակական կազմակերպությունները, մտահոգված լինելով փախստականության տարբեր շերտերի բազմաբնույթ հարցերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային գոտում հայտնված փախստականներին և Արցախում ապրող բնակչությանն սպառնացող գոյաբանական վտանգներով, նպատակ են դրել համաժողովի միջոցով նպաստել խնդիրների բաց, հրապարակային քննարկմանը և մեկ ընդհանուր հարթակում տարբեր վայրերում բնակվող փախստականների հանդիպմանը, երկխոսությանը և համաձայնեցված առաջարկներ անելուն:

Նշենք, որ նախորդ ամիս կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փախստականների մասին խոսելիս հետաքրքրիր մտեքր էր հայտնել։

««Մեզ համար մտահոգիչ է նաև այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել մեկ այլ՝  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով սահմանված միջազգային մեխանիզմը, իսկ եռակողմ հայտարարության 7-րդ կետում, հիշեցնեմ, ասվում է, որ ներքին տեղահանված անձինք ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի  տարածք ու հարակից  շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո։ Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու ու Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի  ու ԼՂ հարակից այլ  շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն ու ես արտգործնախարարությանը հանձնարարել եմ այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ։ Ի դեպ, այս կապակցությամբ պետական մարմինների են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի ու Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված  հայության ներակայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու մենք նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը չենք բարձրացնում։ Խնդիրն այն է, որ եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն ԼՂ-ի ու  նրանց անմիջապես  հարակից շրջանների փախստականներին ու ներքին տեղահանվածներին, բայց սա իհարկե խոչընդոտ չէ, որ Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի ու Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները ինքնակազմակերպվեն ու իրենց գույքային, վերադարձի ու այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում»,- ասել էր Փաշինյանը։

Նշենք, որ ըստ խոսակցությունների՝ համաժողովին պիտի մասնակցեր նաև Փաշինյանը, սակայն այս պահի դրությամբ նա դեռ չի ժամանել։

hraparak.am