Search
Close this search box.

Փուչիկ գործը ստիպված ուղարկեցին դատարան

Օրեր առաջ մամուլը գրց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Ազգային անվտանգության ծառայությունն այն կուղարկի դատարան: Խոսքը 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործին է վերաբերում, որով մեղադրանք է առաջադրվել 9 անձի, այդ թվում՝ Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Եւս 5 մարդու էլ մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Այս գործով հարցաքննվել է 162 մարդ։

Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում Գագիկ Ծառուկյանին զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Հետաքրքիր է, որ այս գործով մեղադրվող բոլոր անձանց առնչվող քրեական գործերը կարճվել են, եւ միայն Ծառուկյանի գործն է ուղարկվում դատարան:

Ի դեպ, սա մեծ հաշվով փուչիկ գործ էր, քանի որ այդպես էլ հիմնավոր ապացույցներ ձեռք չէին բերվել, որ Ծառուկյանն ընդհանրապես կապ ուներ ընտրակաշառքի թեմայի հետ, պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ, եւ հիմա ստիպված են գործն ուղարկել դատարան»:

Այսօր արդեն ՀՀ դատախազության կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կուսակցության նախագահ Գ.Ծ.-ն և Ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն, հանցավոր խմբի կազմում, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք են տվել:

2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Գ.Ծ.-ի` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը) և Ս.Ա.-ի` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը):

2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: