Search
Close this search box.

«10 դրամով մեքենայի վաճառք, ձևական բնույթի ամուսնալուծություն»․ ուշագրավ մանրամասներ՝ Գևորգ Կոստանյանի դատավարությունից

Iravaban.net-ը գրում է. Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 5-ին, ընթանում էր հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, Արման Գալստյանի, նրա կնոջ՝ Թերեզա Գևորգյանի և Արա Կոստանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է բռնագանձել. Երևանում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 327 մլն 200 հազար դրամ,

173 մլն 947 հազար 38 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ,
276 մլն 193 հազար 454 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, թույլ չտվեց նիստը տեսանկարահանել, քանի որ Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը առարկում էր։ Բացի այդ, Արա Կոստանյանի ներկայացուցիչներից մեկին՝ Սմբատ Մինասյանին թույլ չտվեց ներկայացուցչություն իրականացնել։ Փաստաբանի ներկայացրած լիազորագրում նշվում էր, որ վերջինս կարող է ներկայացուցչություն իրականացնել բոլոր դատական ատյաններում, այդ թվում՝ առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ․ «Դատարանի գնահատմամբ՝ այս լիազորագրով Դուք Հակակոռուպցիոն դատարանում Արա Կոստանյանի շահերը ներկայացնելու լիազորություն, այս պահի դրությամբ, չունեք»։

«Փաստաբանն ասաց, որ հաջորդ նիստի ընթացքում նոր լիազորագիր կներկայացնի, իսկ մինչ այդ կնստի դահլիճում։ Այնուհետև Վարազդատ Ասատրյանը միջնորդեց դատական նիստը դռնփակ անցկացնել։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ գործը կամ դրա մի մասը դռնփակ քննելու հարցը լուծվում է դռնփակության պայմաններում։ Մոտ 15 րոպե անց ԶԼՄ ներկայացուցիչները տեղեկացան, որ նիստը դեռևս դռնբաց է անցկացվում, դատարանի որոշումը ավելի ուշ է ուղարկվելու կողմերին։

Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչը հղում էր կատարել դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ինչպես նաև առևտրային գաղտնիքի պաշտպանությանը։

Այնուհետև, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը համառոտ ներկայացրեց հայցի հիմքը և առարկան՝ նշելով, որ դրանց փոփոխության վերաբերյալ միջնորդություն ունի։ Վարազդատ Ասատրյանը պնդեց, որպեսզի դատախազը հայցադիմումն ամբողջությամբ ներկայացնի, քանի որ նրան հասանելի չեն եղել գործի նյութերը։ Դատարանը խնդրեց դատախազին հայցադիմումը դատարանում ներկայացնել ամբողջությամբ՝ բացառությամբ ենթադրյալ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունը չընթերցելով։

Դատախազի խոսքով՝ վարչությունը Գևորգ Կոստանյանի գույքերի վերաբերյալ ուսումնասիրությունը սկսել է 2020 թվականի հոկտեմբերին։ Սահմանվել է ուսումնասիրվող ժամանակահատված՝ 1996 թվականից․ «Դատարանի որոշմամբ թույլատրվել է ստանալ Գևորգ Կոստանյանի և վերջինս հետ փոխկապակցված անձանց գաղտնիք համարվող տեղեկությունները»։

Դատարանի նախորդիվ ընդունած որոշումներով կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, Գևորգ Կոստանյանին և նրա հետ փոխկապակցված անձանց արգելվել է Կոմիտասի պողոտայում գտնվող բնակարանի, Ծաղկաձորում գտնվող անշարժ գույքի հետ որևէ գործողության կատարումը և դրվել է արգելանք՝ 520 միլիոն 55 հազար դրամի չափով։

«Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տվյալները վկայում են, որ Գևորգ Կոստանյանը և վերջինիս ընտանիքի անդամները նվազագույնը կատարել են 368 միլիոն 706 հազար դրամի ծախս, որն արդեն իսկ գերազանցում է նրանց օրինական եկամուտները։ Նշված ծախսում ներառված չեն Գևորգ Կոստանյանի կողմից կամ նրա միջոցներով և նրա համար ձեռք բերված գույքերի համար կատարված ծախսերը, որոնց առանձին անդրադարձ է կատարվել հայցադիմումում»,- նշեց դատախազն ու շարունակեց։

Օրինական եկամուտների հանրագումարը (այսինքն՝ աշխատավարձ, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների օտարում, ներդրված ավանդներից ստացված տոկոսներ, վարկ), ուսումնասիրվող ժամանակահատվածում, կազմել է 262 միլիոն 963 հազար դրամ։ Մինչդեռ ծախսերը կազմել են 631 միլիոն 670 հազար դրամ, այսինքն՝ բացասական տարբերությունը 368 միլիոն 706 հազար դրամ է․ «Արդեն իսկ օրինական եկամուտ-ծախս հարաբերակցության անհամապատասխանություն է տեղի ունեցել։ Ընդ որում, այս ծախսերի մեջ ներառված չեն գույքային ձեռքբերումներին ուղղված ծախսերը»։

Դատախազը հայտնեց, որ 1996 թվականին Գևորգ Կոստանյանը 60 հազար դրամով Ծաղկաձորում անշարժ գույք է ձեռք բերել, որի վրա 1999 թվականին մենատուն է կառուցվել (308.74 քմ)։ 2003-ին վերջինս 243 հազար դրամով ձեռք է բերել հողատարածք, որը միացվել է մենատան տարածքին։ Նրա եկամուտները, ըստ դատախազության , 1995-2003 թվականներին կազմել են 2 միլիոն 324 հազար դրամ, մինչդեռ մենատան կառուցման շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կարող էր կազմել 82 միլիոն 500 հազար դրամից 100 միլիոն 880 հազար դրամ, որի միջինը կազմում է 91 միլիոն 690 հազար դրամ․ «Այսպիսով, առկա է օրինական եկամուտ-ձեռքբերում հարաբերակցության ակնհայտ անհամապատասխանություն»։ Նշված անշարժ գույքը 2007 թվականին անհատույց փոխանցվել է Գևորգ Կոստանյանի եղբոր տղային, Արա Կոստանյանին։

Ավանդների մասին տեղեկատվությունը դատական նիստում չհրապարակվեցին։

2012-ին Գևորգ Կոստանյանի անվամբ հաշվառվել է Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենա, որի միջին մաքսային արժեքը կազմել է 4 միլիոն 252 հազար դրամ, դրա ձեռքբերման պահին օրինական դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 833 հազար դրամ․ «Նշված մեքենան նույն թվականին վաճառվել է 10 դրամով, այսինքն շուկայականից ակնհայտորեն էական ցածր գնով։ Ըստ փորձագետի եզրակացության, 2012 թվականի հունիս ամսվա դրությամբ մեքենայի միջին շուկայական արժեքը կազմել է 9 միլիոն 675 հազար դրամ։ Գևորգ Կոստանյանն այն վաճառել է Գարիկ Պետրոսյանին, ով էլ հետագայում այն օտարել է։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել ներկայիս շուկայական արժեքի, 7 միլիոն 800 հազար դրամի, 10 տոկոսը, այսինքն 780 հազար դրամը»։

Նշված տվյալների հրապարակումից հետո Վարազդատ Ասատրյանը դատարանում հայտարարեց, որ իր համար պարզ չէ, թե հայցվոր կողմը ինֆորմացիայի որ մասն է կրճատում․ «Ներկայացվում է առերևույթ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություն, սակայն բանկային ավանդների մասով տեղեկությունը չի նշվում։ Այստեղ տրամաբանությունը ո՞րն է։ 2-ն էլ նույն տիրույթում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն են։ Այնպես չէ, որ հասարակ, սովորական մահկանացուներին հասու են, թե պայմանագրի էական պայմանները ինչ տիրույթում են կառուցվել»։

Փաստաբանը նշեց նաև, որ նման տեղեկությունների հրապարակումը կողմերի և ԶԼՄ ներկայացուցիչների մոտ կարող է որոշակի դիրքորոշում ձևավորել։ Վերջինս կրկին առաջարկեց նիստը դռնփակ ռեժիմով անցկացնել, քանի որ «կիսաներկայացնելով իր համար հասկանալի չէ»։

Դատախազը հակադարձեց՝ նշելով, որ հրապարակված տեղեկատվությունը առևտրային գաղտնիք չէ, առքուվաճառքի գործարք է՝ 2 ֆիզիկական անձանց միջև։ Դատախազը նշեց նաև, որ 2012-ի հոկտեմբերի 31-ին 6 միլիոն դրամով Լիլիթ Կոստանյանի կողմից ձեռք է բերվել Lexus GS300 մակնիշի ավտոմեքենա, որը նույն օրը, նվիրատվության պայմանագրով փոխանցվել է Գևորգ Կոստանյանին․ «Մեքենան ապօրինի է»։

Բացի այդ, 2012 թվականին Լիլիթ Կոստանյանը ձեռք է բերել Land Cruiser 200 մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ դատախազության, ամբողջությամբ ապօրինի է։ Այն հետագայում վաճառել է 27 միլիոն դրամով։

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հարություն Մանուչարյանը, ով հանդիսանում է Գևորգ Կոստանյանի համակուրսեցին և նախկին օգնականը, 2013 թվականի 18 միլիոն 500 հազար դրամով գնել է Mercedes-Benz G 55 AMG մակնիշի ավտոմեքենա, որը հաջորդ օրը նվիրատվության պայմանագրով օտարել է Լիլիթ Կոստանյանին։ Այնուհետև Լիլիթ Կոստանյանը նվիրատվության պայմանագրով մեքենան վերադարձրել է Հարություն Մանուչարյանին, որից հետո վերջինս այն վաճառել է Գևորգ Կոստանյանի նախկին ավագ օգնականին, Տիգրան Խեչոյանին։ 2014 թվականին նշված մեքենան Խեչոյանը նվիրատվության պայմանագրով փոխանցել է Գևորգ Կոստանյանի որդուն, Սամվել Կոստանյանին, ով հետագայում 30 միլիոն դրամով այն վաճառել է»,- նշեց Նելլի Տեր-Թորոսյանը` հավելելով, որ գործարքների իրական շահառուն հանդիսանում է Գևորգ Կոստանյանը, ով ի սկզբանե վերահսկել է դրանք։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: