Search
Close this search box.

Մհեր Սահակյանը ինքնապաշտպանության նկատառումով մեկ հարված է հասցրել Վլադիմիր Վարդանյանին. փաստաբան

Հաշվի առնելով ԱԺ քպ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձեւով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձեւով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վլադիմիր Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, եւ ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Ստանձնել եմ ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երեւանի քննչական (Պարույր Սեւակի փողոց):

Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ. Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ քպ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ.Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։ Այնուհետեւ քպ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Հաշվի առնելով ԱԺ քպ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձեւով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձեւով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, եւ ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։ Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է։

Հայհոյանքներ չեն հնչել, այլ հարվածներ չեն եղել»,- գրել է Մելիքյանը: