Search
Close this search box.

Լաչինի միջանցքի երթուղին փոխվում է․ Փաշինյանը վստահեցնում է՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ կապված վերջին զարգացումներին։

Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռևս 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց՝ նոր ճանապարհի գործարկմամբ, բայց, քանի որ Լաչինի միջանցքը՝ ՀՀ-ն կապող միակ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա՝ նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ Հայաստանի Հանրապետության տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թ ապրիլի 1-ը:

«Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը: Սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով ադրբեջանական լրահոսում հայտնված տեղեկություններին՝ նա ասաց. «Դրանք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես հերթական մի բլոկբաստեր: Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ:

Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ փոփոխությունը հետևյալն է՝ նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Մենք առաջարկով հանդես ենք եկել Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա նաև Ադրբեջանի կողմից»:

Վարչապետը հույս հայտնեց, որ այդ գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների: