Search
Close this search box.

Առաջիկա ամիսներին Ալիևի կայացրած որոշումները կլինեն վճռորոշ ու կունենան զգալի հետևանքներ. վերլուծաբան Թոմաս դե Վաալ

Բաքու ու Երևան են այցելում արևմտյան տերությունների, ներառյալ ԱՄՆ-ի դիվանագետները: Այցերը ընթանում են Լեռնային Ղարաբաղում արձանագրված հերթական արյունալի միջադեպի պայմաններում
Բաքվում ունեցած հանդիպումներից հետո Երևան է ժամանել Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն: Բաքվում իր այցի ընթացքում Բոնոն հայտնել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատման կողմնակից է և աջակցում է խաղաղ գործընթացին։

«Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի: Եվ այն պետք է առաջ քաշեն կողմերն, այլ ոչ թե ԱՄՆ-ը կամ այլ երկրները: Մեր նպատակն է, որ կողմերը խոսեն միմյանց հետ»,- հայտարարել է ավագ խորհրդականը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ կարևորելով ոչ թե բանակցային ձևաչափը, այլ Եևանի ու Բաքվի միջև շփումների առկայությունը:

Հիշեցնենք, որ Լուիս Բոնոյի այցը տարածաշրջան անցնում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման պայմաններում ի դեմս մարտի 5- ի արյունալի միջադեպի, որի արդյունքում զոհեր են գրանցվել թե հայկական և թե ադրբեջանական կողմից: ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսն այս առիթով ընդգծել է, որ ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ և միակ ճանապահը խաղաղ բանակցություններն են:

«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որը հինգ մարդու կյանք խլեց… Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները»,- ասել է նա:

Պետքատուղարի խոսնակը կրկին ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը «երկկողմ, եռակողմ թե բազմակողմ ձևաչափով, շարունակել որպես գործընկեր հանդես գալ տևական խաղաղությունն ամրապնդելուն ուղղված ջանքերն առաջ մղելու գործում»: Նեդ Փրայսը նաև ընդգծել է, որ Լուիս Բոնոն գտնվում է տարածաշրջանում՝ «ընդգծելու համար, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն է ու դիվանագիտությունը»:

Հիշեցնենք նաև, որ այս նույն ընթացքում տարածաշրջանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Վերջինս իր թվիթերյան գրառման մեջ շեշտել է՝ այսօրվա մահացու միջադեպը ընդգծում է կայունության եւ արդար խաղաղության հասնելու համար բանակցությունների առաջխաղացման հրատապությունը, իսկ ԵՄ արտաքին կապերի գերատեսչության խոսնակ Պետեր Ստանոն, անդրադառնալով մահացու միջադեպին, կոչ է արել է խորապես հետաքննել այս մահացու միջադեպի հետ կապված հանգամանքները: «Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա գործողությունները, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և սպառնալ խաղաղ գործընթացին», ասել է նա:

Քարնեգի Եվրոպա կենտրոնի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը չի բացառել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև ԵՄ-ի հովանավորությամբ դեկտեմբերին դադարեցված բանակցությունների վերսկսումը, վերջերս հրապարակած իր «Հայաստանի անվտանգության բացակայության տարի» վերնագրով հոդվածում՝ լույս տեսած նախքան արյունալի վերջին միջադեպը։ Նա շեշտում է. «Բանակցությունները, որոնք նախագահում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, շատ ավելի հեռուն գնացին, քան սպասվում էր: ԵՄ-ն ընկալվում է որպես ազնիվ միջնորդ, ի տարբերություն Մոսկվայի, որը նաև զերծ է ճնշման այն բեռից, որը կրում է Վաշինգտոնը», գրել է դե Վաալը:

Ըստ նրա՝ ԵՄ-ը և Միացյալ Նահանգները կարող են օգնել՝ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանը և տնտեսությանը, ինչպես նաև երաշխավորել խաղաղ գործընթաց, սակայն զարգացումների հետագա ընթացքը զգալիորեն կախված է Ադրբեջանի որոշումներից: Միակ ամենակարևոր գործոնը, որը կօգնի թուլացնել Հայաստանի անվտանգության բացակայության զգացումը և Ռուսաստանից գերկախվածությունը, ըստ դե Վաալի, Ադրբեջանի ճնշման թուլացումն է և վերջինիս անցումն առճակատման հռետորաբանությունից համագործակցությանն ուղղված լեզվին։

«Նախագահ Ալիևի էջը շրջելու դժկամությունը ավելի շատ կապ ունի անցյալի, քան ներկայի հետ: Այն որոշումները, որոնք նա կկայացնի առաջիկա մի քանի ամիսներին, մեծ հետևանքներ կունենան», պնդում է Թոմաս դե Վաալը:

Իր հերթին, վերլուծաբան Մամուկա Ծերեթելիի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չափազանց կարևոր է Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ու տրանսպորտային նախագծերի զարգացման համար, ուր Վաշինգտոնի ու Բրյուսելի աջակցույունն ունի առանցքային նշանակություն:

«Կարծում եմ՝ առանց Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի հանձնառությանն ու աջակցությանը տրանսկասպյան մեծ նախագծեր հնարավոր չէ կյանքի կոչել քաղաքական, անվտանգության և այլ նկատառումներից ելնելով: Կարծում եմ՝ այս առումով կպահանջվի նաև հասնել ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ լուծմանը»,- պնդում է նա:

Նրա խոսքով՝ այսօր նկատվում է «մի փոքր ավելի մեծ ներգրավվածություն և, իհարկե, ավելի մեծ հետաքրքրություն» ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, սակայն վերլուծաբանը կարծում է, որ ինչպես եվրասիական շատ հարցերում, այնպես էլ այստեղ շատ բան կախված է ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքներից: