Search
Close this search box.

«Ջերմուկ Գրուպ»-ը՝ Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված պարզաբանում է տարածել

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հանդես է եկել Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված հրապարակման պարզաբանմամբ. «HETQ.am կայքում հրապարակվել է հոդված՝, որում նշվել է, թե… «Բյուրեղ» բնակելի համալիրում այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։

Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։… … 412 հազար դոլար արժողությամբ բնակարանը 168 հազար դոլարով գնելու հնարավորությունը, հավանաբար, պայմանավորված է գործարքի կողմ հանդիսացող մյուս անձի՝ Աշոտ Արսենյանի գործոնով։…»

Հրապարակման մեջ տեղ են գտել փաստացի անճշտություններ, խեղաթյուրված փաստեր ու մոլորեցնող եզրահանգումներ որոնք խախտում են «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության, Ընկերության մասնակիցների բարի համբավն ու իրավունքները, մոլորեցնող ազդեցություն են թողնում / կարող են թողնել ընթերցողների և հավանական գնորդների վրա:

Մասնավորապես, նշելով, թե « … «Բյուրեղ» բնակելի համալիրում այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։ Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։…»։

Հեղինակն ուղղակիորեն մոլորության մեջ է գցում ընթերցողին՝ նույն նախադասության մեջ կապելով երկու տարբեր ժամանակների ոչ նույնական փաստեր: Նորակառույց բնակարանների, այդ թվում «Բյուրեղ» բնակելի թաղամասի բնակարանների (բնակարանների գնման իրավունքի) վաճառքի գնի սահմանված ընթացակարգի համաձայն՝ հնարավոր գնորդները կարող են բնակարանի ամրագրումն իրականացնել դեռևս մինչև շինարարությունն սկսելը:

Ամրագրումից մինչև գնման իրավունքի վաճառքի գործարքի իրականացման պահը կարող է անցնել տևական ժամանակ (դա ենթադրում է ընկերության կողմից համապատասխան թույլտվությունների ստացում, կադաստրում իրավունքի գրանցման ընթացակարգ և այլն): Կառուցապատման ոլորտում գործող գնային քաղաքականության համաձայն՝ շինարարության իրականացման ավելի վաղ փուլերում բնակարանների (բնակարանների գնման իրավունքի) վաճառքի գինը սահմանվում է ավելի ցածր, և այն աճում է շինարարության ավարտի ժամկետի մոտենալուն և անշարժ գույքի ավարտվածության աստիճանին համապատասխան:

Ամրագրում իրականացրած անձինք հետագայում գնման իրավունքի պայմանագիր կնքում և անշարժ գույքը ձեռք են բերում ամրագրման պահին սահմանված արժեքով: Հետևաբար ակնհայտ է, որ ավելի վաղ ամրագրում իրականացրած անձինք անշարժ գույքը ձեռք են բերում ավելի ցածր գնով, քան ավելի ուշ ամրագրում իրականացրած կամ ընդհանրապես առանց ամրագրման գնում իրականացնող անձինք:

Բնակարանների արժեքները տարբերվում են՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածության աստիճանով և այլ պայմաններով: Ներկայումս բնակարանների քանակի մոտ 90 տոկոսը վաճառված է, «Բյուրեղ» բնակելի թաղամասի շինարարությունը մոտենում է ավարտին, ինչով էլ պայմանավորված է դեռևս չվաճառված բնակարանների գնման իրավունքի վաճառքի՝ նախին վաճառքի գների համեմատ ավելի բարձր գինը: Նյութում վերը հիշատակված ձևակերպման մեջ թյուրիմացաբար կամ դիտավորյալ խառնվել են երկու տարբեր փաստ՝ շինարարության սկզբնական փուլում ամրագրված և 27.07.2022թ.-ին կնքված պայմանագրով վաճառված անշարժ գույքի գնման իրավունքի գինը և 2023թ. հունվարին արդեն գրեթե ավարտված նորակառույց շենքում վաճառվող անշարժ գույքի գնման իրավունքի գինը, որոնք, ինչպես պարզաբանվեց վերևում, էականորեն տարբերվում են միմյանցից:

Նյութում հիշատակվող գործարքի առարկա անշարժ գույքը գնորդների կողմից ամրագրվել է շինարարության սկզբնական փուլում, ամրագրման ժամանակահատվածում շուկայում ձևավորված վաճառքի մրցունակ գնով, իսկ գնման իրավունքը օրենքով սահմանված կարգով ձևակերպում է ստացել արդեն իսկ 27.07.2022թ. առուվաճառքի պայմանագրով: Ընդ որում, նման գների սահմանման ընթացակարգ գործել և գործում է նախապես ամրագրում իրականացրած բոլոր գնորդների համար:

Արդարության համար պետք է նշել, որ նյութում իրավացիորեն հիշատակվում է նաև վերջին ժամանակաշրջանում անշարժ գույքի շուկայում գների աճի իրողությունը: Միևնույն ժամանակ, հակասելով այդ մտքին ու անտեսելով ակնհայտ մի շարք փաստեր, նյութում մեկ նախադասությունում համադրվել են նախկինում գոյություն ունեցած ու ներկայումս գործող գները, փորձ է արվել կեղծ դատողությունների հիման վրա մատուցել սխալ, իրականությանը չհամապատասխանող ու Ընկերության բարի համբավը արատավորող տեղեկություն:

Նույն անշարժ գույքը կամ անշարժ գույքի գնման իրավունքը տարբեր ժամանակահատվածներում ունի տարբեր արժեք՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածության աստիճանով, շուկայում ձևավորված գներով: «Բյուրեղ» բնակելի թաղամասում 27.07.2022թ. դրությամբ և այսօր գործող գները էականորեն տարբերվում են, և ներկայումս ավելի բարձր գին ունեցող բնակարանները կարելի էր գնել անհամեմատ ավելի մատչելի գնով՝ շինարարության սկզբնական փուլերում նախապես ամրագրման դեպքում:

Նյութում նշված գործարքը ենթադրյալ գործոններով պայմանավորելը լիովին մտացածին է, չի համապատասխանում իրականությանը, այն կնքվել է ընկերության կողմից որդեգրված գնային քաղաքականությանը և տվյալ ժամանակահատվածում շուկայում գործող գներին լիովին համապատասխան, ինչպես և մյուս բոլոր գործարքները:

Հարգանքով՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ»: