Search
Close this search box.

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու է պնդում, որ Մարտի 1-ը բացահայտված է։

«Ես հիմա էլ եմ հայտարարում, որ բացահայտված է, քրեական գործ է եղել, դատավարություն է եղել։ Այն կարճվեց իրավական մեկնաբանությունների բերումով, որը այլ հարթության խնդիր է։ Երբ ասում եմ` Մարտի 1-ի գործը բացահայտված է, նկատի ունեմ` իրականությունը հայտնի է։ Միայն բուն կատարողները հայտնի չեն, բայց մնացած շղթաները բացահայտված են»,– ասաց նա` նշելով, որ քրեական գործի շրջանակում պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, ապօրինի վճարումներ են արվել, և դա արվել է բանակի հովանու ներքո:

Լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչն է պատճառը, որ մեղավորները չեն պատժվում։
«Դե, պատճառները տարբեր են, այդ թվում` նաև ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով, բայց նաև ձեզ ասեմ, որ այն, որ Մարտի 1-ի մարդասպանները մինչև հիմա բացահայտված չեն, չի նշանակում, որ այդպես չի լինի»,– պատասխանեց Փաշինյանը։
Նրա խոսքով` քրեական գործի վարույթներով հիմնավորվել և ապացուցվել է, որ նախաքննությունը 2008թ–ի մարտի 1-ից հետո, ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որ տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլ նաև բոլոր ջանքերը գործադրել է, որպեսզի բացահայտումը դժվար կամ անհնար դառնա։
«Օրինակ` հիշեցնեմ ձեզ, որ այստեղից հավաքած պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխվել են։ Եվ այսպիսի բազմաթիվ դեպքեր»,– նշեց նա։

Փաշինյանը հավելեց, որ իշխանության օրակարգից դուրս չի գալիս այն հարցը, որ Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի լիարժեք ու ամբողջական։

Հիշեցնենք` 2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։

Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։