Search
Close this search box.

ԱՄՆ դեսպանատան մեսիջը Հայստանին « Պայքարեք կոռուպցիայի դեմ»

Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հրապարակած զեկույցում տեղ գտած գնահատականներն օբյեկտիվ են և արտացոլում են առկա իրավիճակը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն օրերս հրապարակել է ՀՀ-ում ներդրումային իրավիճակի վերաբերյալ 2017 թվականի զեկույցը, որում ԱՄՆ դեսպանատան տնտեսական պատասխանատու Ռաֆաել Սամբոուն իր գնահատականներն է ներառել: Ըստ այդմ՝ Հայաստանում դատական համակարգը շարունակում է անվստահելի մնալ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարն իրական արդյունք չի տալիս:
Ըստ զեկույցի՝ «Հայաստանի տնտեսության հիմնական հատվածները վերահսկվում են փոխկապակցված գործարարների կողմից, որոնք վայելում են իշխանության հովանավորչությունը: Չնայած կառավարությունը նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ վերջին մի քանի տարիների ընթացքում, բայց կոռուպցիան շարունակում է զգալի խոչընդոտ լինել: Թեև ընդհանուր ներդրումային միջավայրը, թվում է, թե բարելավվում է, կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր մնալ այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են դատական, հարկային ու մաքսային գործառնությունների, առողջության, կրթության, ռազմական և իրավապահ ոլորտները»:
Ուշագրավ է, որ այս զեկույցը հրապարակվում է այն փուլում, երբ Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստանի վարչապետը ներդրողներին համոզում էր ներդրումներ անել Հայաստանում:
Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ այս զեկույցով ամերիկյան կողմը Հայաստանի իշխանություններին հետևյալ ուղերձն է հղում՝ երկրում պետք է համակարգային փոփոխություններ արվեն, որպեսզի ներդրողները գան:
«Կոռուպցիայի դեմ պայքարի առաջին ռազմավարությունից սկսած հիմնականում օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր են ընդունվում, որոնք ենթադրվում է, որ պետք է կիրարկվեն: Բայց կիրարկում չի լինում: Դրա հիմնական պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է: Իսկ երբ մի քիչ խորանում ես, թե ինչու չկա քաղաքական կամք, ես այդ խնդիրը տեսնում եմ գոյություն ունեցող տնտեսական ու քաղաքական մոդելի մեջ: Այսինքն՝ եթե մոդելը չի փոխվում, եթե մենք իրականում ունենք տնտեսության մեջ մոնոպոլացված ոլորտներ, այդ մոնոպոլացումը գնաց նաև քաղաքականություն, այս պայմաններում արդեն քաղաքական կամքի դրսևորում դժվար է ակնկալել», ասաց Հոկտանյանը:

Մասնագետի խոսքով՝ անհասկանալի կլինի, եթե հանկարծ նման տնտեսական ու քաղաքական համակարգ ունեցող երկրում նման սոցիալական բևեռվածության, աղքատության ու արտագաղթի, խղճուկ աշխատավարձերի պայմաններում իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ: Այսինքն՝ նախ և առաջ պետք է համակարգը փոխելու քաղաքական կամք լինի, ինչը կբերի արդեն կոռուպցիայի դեմ պայքարի:
«Եթե տարբեր ոլորտներում բարեփոխումները չեն դիպչում համակարգի հիմքերին, արդյունք չի լինի: Փորձում են ինչ-որ կերպ դատական համակարգը բարելավել, բայց եթե դու ունես այսպիսի տնտեսական, քաղաքական ու սոցիալական համակարգ, ինչքան ուզում ես բարելավի, ոչինչ էլ չի փոխվի»,- ասաց նա:
Վարուժան Հոկտանյանը նշում է, որ համակարգային փոփոխության երկու տարբերակ կա՝ առաջինը իշխանությունն ինքն է հասկանում, որ այսպես շարունակել չի կարելի, դա վերևից բարեփոխումներն են: Երկրորդ տարբերակը ներքևից իրականացվող բարեփոխումներն են՝ խաղաղ կամ ոչ խաղաղ ճանապարհով:
Հոկտանյանի խոսքով՝ ամերիկյան զեկույցում հետևյալ ուղերձն է, որ դեպի ծով ելք չունենալու, հակամարտության առկայության, մասամբ փակ սահմանների պայմաններում ամբողջ հույսը պետք է լինի շատ արդյունավետ աշխատող տնտեսական համակարգը:
«Այսինքն՝ ԱՄՆ դեսպանատան մեսիջը սա է՝ ասում ես ներդրումներ, ուրեմն փոխիր համակարգը: Այսինքն՝ ասում են՝ պայքարիր կոռուպցիայի դեմ: Իսկ պայքարել հնարավոր չէ, եթե համակարգը չփոխվի», հավելեց նա: