Search
Close this search box.

1000 դրամների մասին օրենքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

2017 թ. հոկտեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների հայցը, տեղեկացնում է hcav.am-ը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները դատարան են դիմել 2017 թ. մարտի 21-ին: Հայցադիմումով հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով անհիմն հարստացել է՝ խախտելով ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը և որ Օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

Օրենքի՝ դրոշմանիշային վճարի պարտադիր բնույթը սահմանող 10-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն վերջինս հրաժարվել էր դիմել Սահմանադրական դատարան:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում դատարանը ևս մերժեց գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի միջնորդությունը:

Հայցի մերժումը դատարանը հիմնավորել էր նրանով, որ դրոշմանիշային վճարը գանձվել է Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո, սահմանված է օրենքով, հետևաբար՝ անհիմն հարստացում չի կարող համարվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել: Դրանում հիմնավորել են, որ դատարանը օբյեկտիվ քննություն չի իրականացրել և որ վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը չստուգելով կայացրած վճիռը օրինական չի կարող լինել:

Դատարանի այդ վճռով խախտվել են հայցվորների իրավունքներն ու ազատությունները: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հայցը վարույթ է ընդունել: Դատական նիստը նշանակվել է 2018 թ. փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին: