Search
Close this search box.

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մանսուրյանին ծննդյան առթիվ

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ և ՀԽՍՀ պետական ու միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանին ծննդյան 79 ամյակի կապակցությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արմեն Սարգսյանի գրասենյակից: Սարգսյանը մեծանուն երաժշտին մաղթել է ստեղծագործական նոր նվաճումներ՝ ի փառս մեր ժողովրդի ու մշակույթի:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ. Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում:

Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, միանգամայն նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ:

Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։