Search
Close this search box.

Ադրբեջանական կողմը Մոսկվայում Հայաստանից «տարածքներ» է պահանջել

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան արդեն երկրորդ օրն է, ինչ հանդիպումներ է ունենում իր գործընկերների հետ Մոսկվայում։ Այսօր տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, ինչի մասին արդեն հայտնել է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։

Ռուսական կողմի հաղորդագրության մեջ մանրամասն նշվում է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության թեմայի մասին, իսկ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ նշվում է հակիրճ. քննարկվել է Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի կարգավորումը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրությունում շատ մանրամասն թվարկված են Գաֆարովայի հնչեցրած բոլոր պահանջները։ Նրա խոսքով, չնայած Բաքվի նախաձեռնություններին, «Հայաստանը շարունակում է ապակառուցողական դիրք գրավել բանակցություններում եւ, բացահայտ խախտելով եռակողմ հայտարարության պահանջները, դեռ ամբողջությամբ չի ազատել ադրբեջանական տարածքները, այլ հակառակը՝ խոչընդոտում է տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը»,- ասել է ադրբեջանցի խոսնակը:

«Գաֆարովան ռուսական կողմին մանրամասն տեղեկացրել է Լաչինի ճանապարհի հետ կապված վերջին իրավիճակի մասին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը խստորեն հետեւում է եռակողմ հայտարարությանը եւ ամբողջությամբ կատարել է դրանով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Այս փաստաթղթի 6-րդ հատվածից հետեւում է, որ Ադրբեջանը ապահովում է քաղաքացիների եւ ապրանքների երկկողմանի փոխադրման անվտանգությունը եւ Լաչինի ճանապարհով երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների տեղաշարժը»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Միեւնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանը 2 տարուց ավելի չարաշահում է Լաչինի ճանապարհը՝ ականներ, զինամթերք եւ զինծառայողներ տեղափոխելու, ինչպես նաեւ այստեղ թալանված ադրբեջանական բնական ռեսուրսների արտահանման համար։

Ադրբեջանի Հանրապետության տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման վայրերում անօրինական տնտեսական գործունեության, ինչպես նաեւ բնական ռեսուրսների շահագործման եւ Լաչինի ճանապարհի չարաշահման դեմ բողոքի ակցիան Ադրբեջանի քաղաքացիների օրինական իրավունքի իրագործումն է։

Պետք է կատարել ցուցարարների արդարացի պահանջները։ Նա ընդգծել է, որ հայկական կողմի հայտարարությունները Լաչինի ճանապարհը ադրբեջանական կողմից իբր փակելու, հայ բնակչության շրջափակման եւ հումանիտար ճգնաժամի մասին բոլորովին անհիմն են։ Ամեն օր Լաչինի ճանապարհով անցնում են տարբեր տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ խաղաղապահ ուժերի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և հայկական շտապօգնության մեքենաներ՝ որպես հերքում հայկական կողմի անհիմն հայտարարությունների։

Այնպես որ, այս ամենը վկայում է այն մասին, որ Հայաստանը դիմում է մանիպուլյացիաների՝ փորձելով մոլորեցնել միջազգային հանրությանը»,- ասել է Գաֆարովան։

Ադրբեջանցի խոսնակը կարող է փորձել համոզել անտեղյակ մարդկանց, բայց դժվար թե Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը նրանց թվում լինի: